Համաստեղի «Աղօթարան» առանձին գրքով հրատարակության շնորհանդես


    «Կը հաւատամ, որ կաս, Տէ՜ր, որովհետեւ կը զգամ Քու շունչը ծաղիկներուն մէջ, որոնք բուրմունքներով կը մտածեն, կը տխրին ու կը ժպտին գոյներով:
Կը հաւատամ, երբ հասկը իր ցորենի հատիկները կը շարէ, երբ շերամը մետաքսի թելերով իր մթութիւնը կը հիւսէ՝ կերպարանափոխուելու եւ հասնելու թեւերու կատարելութեան...»:
/Համաստեղ/
Մայիսի 31-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ սփյուռքահայ արձակագիր Համաստեղի «Աղօթարան» առանձին գրքով հրատարակության շնորհանդեսը՝ առաջին հրատարակության 60-ամյակի առիթվ: Համաստեղի «Աղօթարան»-ը լույս է տեսել Բեյրութում, 1957թ.: Այս սքանչելի ստեղծագործությունը հրատարակվել է «Համաստեղ. Մոռացված էջեր» գրքի Գ հատորում (Երևան, 2005) և քանի, որ «Աղօթարան»-ի պահանջարկը մեծ է, այն՝ որոշ ուղղագրական և կետադրական փոփոխություններ կատարելուց հետո, հրատարակվել է նաև առանձին գրքով: Հանդիսությանը ներկա էին բազմաթիվ ընթերցողներ, գրականագետներ, մշակույթի գործիչներ, հեռուստալրագրողներ:
Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ «Տարվա ուսուցիչ»(1993), բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտ Խաչատրյանը:
«Համաստեղը գրական առաջին փորձերից սկսում է Աստուած-մարդ առնչությունների քննութիւնը, իսկ «Աղօթարան»-ում ամփոփում է իր կենսափորձն ու աշխարհընկալումը: «Աղօթարան»-ը գրողի հոգու ինքնակենսագրութիւնն է՝ օրագրի անկեղծութեամբ, անմիջականութեամբ գրուած:
«Աղօթարան»-ը 20-րդ դարում ապրող մարդու հրճւանքի երգն է, Աստծու, Արարման հրաշքի, Մարդու, Կեանքի, Կնոջ ձօն:
Համաստեղը մարդու առաջ բացում է տիեզերքի անսահմանութիւնը, նրա հոգին, սիրտն ու միտքն ուղղում դեպի Երկինք, որտեղ չկան մահ ու թոյն, վիշտ ու ցաւ:
Համաստեղի կրօնազգացողութեան կենտրոնական դէմքը մարդն է՝ արարչագործութեան թագն ու պսակը, որն իր զգայարաններով շօշափում, զգում, ընկալում է տիեզերքը, Աստծուն, երկրպագում Նրան՝ որպէս յաւերժական բարիութիւն, որի մի մասն է ինքը...»:
/Մարգարիտ Խաչատրյան/
Հաջորդիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանը միջոցառման մասնակիցներին խնդրեց ոտնկայս տերունական աղոթքը հղել առ Աստված:
Ներկաներն ունկնդրեցին հատվածներ «Աղօթարան»-ից՝ բժիշկ, արևմտահայ և սփյուռքահայ գրականության գիտակ Կամո Տեր-Պետրոսյանի ընթերցանությամբ: Գրքի լուսընծայման առիթով շնորհավորանքի խոսքեր ասաց բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Գոհար Գալստյանը:
Երաժշտական կատարմամբ հանդիսատեսին ողջունեց երգիչ, երգահան Արսեն Համբարյանը:
Ամփոփելով հանդիսությունը Մարգարիտ Խաչատրյանը շնորհակալական խոսք հղեց պատմաբան Գևորգ Յազճյանին, ում հովանավորությամբ էլ հրատարակվել էր «Աղօթարան» գիրքը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են