Հիշատակի երեկո՝ նվիրված ամերիկահայ արձակագիր Արամ Հայկազին


    Մարտի 10-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հիշատակի երեկո՝ նվիրված ամերիկահայ արձակագիր Արամ Հայկազին: Հուշ-երեկոյին ներկա էին ընթերցողներ, գրականագետներ և հյուրեր: Սկիզբն ազդարարվեց Տեր Շահե քահանա Հայրապետյանի աղոթքով և օրհնությամբ: Երեկոյի բանախոսն էր սփյուռքահայ գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ Թորոս Թորանյանը. «Հայը որտեղ էլ ապրի, այս հողին կապված է և գիտե թե հավիտենականը այս հողն է: Աստված այս հողը հավիտենականության համար ստեղծած է, անոր համար ես Աստծուն կսիրեմ»,-սկսեց նա և շարունակեց Արամ Հայկազի հետ կապված հուշերով: Ելույթով հանդես եկան արվեստաբան, թատերագետ Բախտիար Հովակիմյանը, Արամ Հայկազի հատորները կազմող և ծանոթագրող, բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտ Խաչատրյանը: Նա խոստացավ, որ շուտով ընթերցողին կհանձնվի նաև ամերիկահայ արձակագրի յոթերորդ հատորը: Ներկաները ունկնդրեցին հատվածներ Արամ Հայկազի պատմվածքներից՝ բժիշկ, արևմտահայ և սփյուռքահայ գրականության գիտակ Կամո Տեր-Պետրոսյանի ընթերցանությամբ: Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայցորդ Լուսինե Արզումանյանի խոսքով,-«Արամ Հայկազը 20-րդ դարի սփյուռքահայ գրականության սիրված հեղինակներից մեկն է: 1920-ական թթ.-ին՝ հաստատվելով Ամերիկայի միացյալ նահանգներում, նա հասկացավ, որ հայ մնալու և հայ ապրելու համար կարևոր տեղ ունի գրականությունը: Նա համոզված էր, որ միակ ճշմարտությունը հայ լինելն է, իսկ նպատակը՝ հայ մնալը: Հենց այս մտասևեռումով էլ Արամ Հայկազը ստեղծեց իր գրականությունը: Նա յուրաքանչյուր պատմվածքով կարծես փորձել է սահմանել երջանկությունն ու կարոտը, ցույց է տվել այդ զգացումները ունենալու ճանապարհը: Պատմվածք առ պատմվածք ընթերցողը մոտենում է Արամ Հայկազի զգայական աշխարհին՝ նրա հետ խանդավառվում, հուզվում, կարոտում և տխրում»: «...Իմ գրականությունս կյանքիս վեպն է...»,-Արամ Հայկազի այս խոսքերով ամփոփեց իր ելույթը Լուսինե Արզումանյանը: Երաժշտական կատարումով հանդես եկավ երգիչ, երգահան Արսեն Համբարյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են