Ռոմիկ Հովնանյանի «Վան- Վասպուրականի հերոսամարտը» գրքի շնորհանդես


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարունում տեղի ունեցավ «Վան- Վասպուրական» հայրենակցական հասարակական կազմակերպության նախագահ Ռոմիկ Հովնանյանի «Վան- Վասպուրականի հերոսամարտը» գրքի շնորհանդեսը։ Շնորհավորանքի և գնահատանքի ջերմ խոսքով միջոցառումը բացեց Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը։
Պատմաբան, թանգարանագետ, ՀՀ զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, քարտեզագիր Ռաֆիկ Թադևոսյանը, «Վան-Վասպուրական» հայրենակցական միության անդամ Ռոբերտ Միրզոյանը բարձր գնահատեցին Ռոմիկ Հովնանյանի «Վան- Վասպուրականի հերոսամարտը» գրքի արդիականությունը հայ պատմագիտության ոլորտում։ Նրանք շեշտեցին գրքի նշանակալի դերը՝ Վանի հերոսական ժողովրդի բացառիկ միասնականության ոգին և հզորագույն Հերոսամարտի պատմաքաղաքական գաղափարը հայ սերունդներին փոխանցելու գործում։
Հնչեցին Սայաթ-Նովայի, Վաչե Հովսեփյանի, Արթուր Գրիգորյանի երաժշտական հոգեթով ստեղծագործություններից։
Դավիթ Դիլանյանի, Ռուբեն Նավասարդյանի, Վաղինակ Հակոբյանի, Էդուարդ Սահակյանի, Արսեն Չավադյանի, Արսեն Հաիրյանի ջերմ կատարումներով մթնոլորտում ելևէջեցին Հայրենասիրության և Կարոտի, Սիրո և Պայքարի ոգեղեն մեղեդիներ, որոնք հյուրերին և ընթերցողներին տոգորեցին Հույսի և Հավատի կենարար շնչով։
Հանդիսության ավարտին Ռոմիկ Հովնանյանն իր երախտագիտության խոսքը հղեց Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանին՝ գրական-մշակութային կյանքի նշանավոր իրադարձությունները հանրահռչակելու և հասարակության մշակութային ոգին յուրովի ամրապնդելու համար։
Միջոցառումը վարեց և գրքից դրվագներ ընթերցեց դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են