Գառնիկ Շախկյանի «Թումանյանական հանրագիտակ» գրքի շնորհանդես


    Դեկտեմբերի 13–ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Գառնիկ Շախկյանի հիշատակին նվիրված ցերեկույթ. այն միաժամանակ, բովանդակում էր «Թումանյանական հանրագիտակ» գրքի շնորհանդեսը։
Ելույթ ունեցողները՝ «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Սերգո Երիցյանը, «Հայկական Հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր, տնօրեն Հովհաննես Այվազյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Վիրահայոց թեմի նախկին առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանը, ներկայացրին Ճարտարապետ Գառնիկ Շախկյանի հայրենանվեր կյանքի և գործի հարուստ պատումը, նրա մարդկային և մասնագիտական բարձր որակների ներդաշնակությունը։
Հանդիսության մթնոլորտը ջերմացավ դերասանուհի Գայանե Սամվելյանի, ասմունքող Աիդա Ասատուրյանի հոգեբուխ ընթերցումներով, Կարինե Սիմոնյանի /նվագակցող՝ Հասմիկ Անտոնյան/, Վարդուհի Ենոքյանի /նվագակցող՝ Քրիստինե Սիմոնյան/, Արտյոմ Ասմանգուլյանի երաժշտական ջերմ կատարումներով։
Հանդիսության ավարտին <<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը Գառնիկ Շախկյանի հիշատակի հանդեպ խոնարհումի և երախտագիտության խոսք հղեց։ Նա անդրադարձ կատարեց Գառնիկ Շախկյանի ինքնատիպ տաղանդին, նրա ազնիվ և բարձրաբարո քաղաքացիական կեցվածքին։
Տիկին Կարապետյանը արծարծեց նաև ժամանակների բարդ հոլովույթում մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու հույժ կարևոր հիմնախնդրին, այդ գործում պետության, հասարակության պատասխանատու դերակատարությանը։ Շնորհակալական խոսքով հանդես եկավ Գառնիկ Շախկյանի եղբայրը:
Հանդիսությունը վարեց Գայանե Սամվելյանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են