Հանդիպում Վազգեն Սիսլյանի հետ


    Դեկտեմբերի 10-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում «Tir-Ar Travel » ընկերության հետ համատեղ կազմակերպվեց հանդիպում ASALA-ի (Armée secrète arménienne de libération de l'Arménie')՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի վետերան, <<Վան>> օպերացիայի հրամանատար Վազգեն Սիսլյանի հետ: Միջոցառումը բացեց և վարեց պատմաբան, գրող, հրապարակախոս «Tir-Ar Travel » ընկերության ղեկավար Վահե Լոռենցը։ Պատմաբան Գևորգ Յազըճյանը և Վահե Լոռենցն իրենց ելույթներում ներկայացրին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի, վետերան, <<Վան>> օպերացիայի հրամանատար Վազգեն Սիսլյանի, Հակոբ Ջուլֆայանի և մյուս լեգենդար հերոսների հայրենանվեր գործունեությունը, անցած փառահեղ ուղին և հայ ինքնության զորացման մեջ նրանց գործի պատմական դերակատարությունը։ Ելույթ ունեցողները կարևորեցին ապրող հերոսների հանդեպ հասարակության և պետության պատշաճ գնահատանքի անհրաժեշտությունը։ Ներկայացվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի կնքահայր Գուրգեն Յանիկյանի պատմական, ազգապահպան ուղերձը՝ ուղղված սերունդներին։ Ունկնդիրները հաճույքով վայելեցին երգիչ Արսեն Համբարյանի հայրենասիրական կատարումները։ Վազգեն Սիսլյանը հաճույքով պատասխանեց հանդիպման մասնակիցների հարցերին։ Հանդիսությունն ավարտական խոսքով ամփոփեց Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը։ Նա նշեց, որ մերօրյա հոգևոր-մշակութային համահարթեցման պատերազմներին դիմակայելու համար անհրաժեշտություն կա հզորացնելու հայ Ազգային ոգին։ -Հույժ կարևոր է ազգային իրական ինքնաճանաչողությունը, այն է՝ սերունդներին ճանաչել տալ մեր պատմության իրակա՛ն հերոսներին և իրակա՛ն հերոսության պատումները։ Հենց ինքնաճաչումն է հզորացնում հայրենասիրության զգացողությունը, Ազգային ինքնագիտակցությունը և Ազգային ոգին։Ազգանպաստ այս գործընթացին պետք է առավել գործուն մասնակցություն ունենան հայ ընտանիքը և հասարակությունը, դպրոցն ու բուհը, մշակույթն ու գրականությունը,-կարևորեց տիկին Հասմիկ Կարապետյանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են