Հանդիպում Արգամ Այվազյանի հետ և նրա գրքերի շնորհանդես


    Նոյեմբերի 21-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում հայագետ, նախիջևանագետ, Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանի հետ և նրա «Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ» և «Արիստակես Զարգարյան» գրքերի շնորհանդեսը: Ներկա էին մշակույթի և հասարակական գործիչներ, գրականագետներ, ընթերցողներ: Հանդիսության բացումն ազդարարվեց Անահիտ Տարոնցու և Հայկուհի Առաքելյանի «Արգամ Այվազյան» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությամբ: «Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ» հատորում հանրագիտարանային շարադրանքներով ներկայացված է պատմական Հայաստանի Նախիջևանի գավառների բնաշխարհն ու բնակավայրերը, մշակութային և ուսումնական օջախները, նյութական ժառանգության տարատեսակ հուշարձանները: Այն բազմաբովանդակ է և ունի ավելի քան 780 լուսանկարներով ու գծագրերով պատկերազարդում: «Արիստակես Զարգարյան» գրքում առաջին անգամ ներկայացվում է գողթնեցի հայտնի բժիշկ, հասարակական գործիչ, բանաստեղծ, դրամատուրգ, նկարիչ Արիստակես Զարգարյանի գրական ժառանգությունից փրկված նամակներն ու բանաստեղծությունները: Հեղինակի գրական գործունեության վերաբերյալ ելույթով հանդես եկան բանաստեղծ, Գրական փաստավավերագրության միջազգային ակադեմիայի դոկտոր, պրոֆեսոր Անահիտ Տարոնցին, բանաստեղծ, մանկագիր Ալեքսան Գոմցյանը, արձակագիր-հրապարակախոս Դավիթ Սարգսյանը, ՓՎՄԱՀՀԴ-ի ակադեմիկոս նախագահ Սամվել Հակոբյանը, ով հեղինակին հանձնեց ՓՎՄԱՀՀԴ-ի դիպլոմը: Հանդիսությունը վարում էր դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են