Նոյեմբերի 9-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ գրականագետ, թարգմանիչ, Վրաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի նախագահ, Ֆրիտյոֆ Նանսեն թանգարանի տնօրեն Ֆելիքս Բախչինյանի «Հույսի և հավատի ասպետը», «Նահապետը» և «Ֆադեյ Տաճատի Սարգսյան» գրքերի շնորհանդեսը: Ներկա էին հասարակական, քաղաքական գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, բազմաթիվ ընթերցողներ:
«Հույսի և հավատի ասպետը» գիրքը նվիրված է անվանի հասարակական-քաղաքական և պետական գործիչ Անդրանիկ Մարգարյանի, «Նահապետը» մենագրությունը՝ նշանավոր պետական-քաղաքական գործիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Միհրանի Մովսիսյանի, իսկ «Ֆադեյ Տաճատի Սարգսյան» մենագրությունը՝ գիտնական, ակադեմիկոս, քաղաքական գործիչ, գեներալ Ֆադեյ Սարգսյանի կյանքին ու գործունեությանը:
«Կյանքիս տարիներին շատ անգամ եմ բախտ ու պատիվ ունեցել գրել անվանի գիտնական, պետական, քաղաքական գործիչ և պարզապես հրաշալի մարդ Ֆադեյ Տաճատի Սարգսյանի մասին: Հոբելյանական առիթներով գրված հոդվածներում, նրա գրքերի հրատարակման առիթով, ինչպես նաև ելույթներով ու զեկուցումներով ուժերիս ներածին չափով փորձել եմ արժևորել մեծ հայի գործը, նրա անուրանալի ներդրումը Հայաստանի տնտեսության, գիտության ասպարեզներում…»: /Հատված՝ «Ֆադեյ Տաճատի Սարգսյան» մենագրությունից/
Ելույթով հանդես եկան բանաստեղծ, նկարիչ, ՀԳՄ նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդվարդ Միլիտոնյանը, հեռուստալրագրող, բանասիրական գիտությունների դոկտոր Սերգո Երիցյանը, բանաստեղծ, մանկագիր, երգիծաբան, դրամատուրգ Սուրեն Մուրադյանը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական, գրող Անդրանիկ Հակոբյանը, արձակագիր, հրապարակախոս Դավիթ Սարգսյանը, բանաստեղծ, արձակագիր Լիպարիտ Սարգսյանը և այլք:
«… Աստվածները հայ
Հույսի, հավատի
Պահապաններն են գոռ
Այս մեղք աշխարհում:
Թեև դարերի փոշին է պատել
Աստվածներին հայ,
Բայց ուժը նրանց
Փոշու միջից էլ
Հույս է տալիս ինձ…
Այս տողերի հեղինակը լուսահոգի Անդրանիկ Մարգարյանն է…
Նա բանաստեղծություններ էր գրում՝ հեթանոս ոգին վերածելով բառի…
Որտեղի՞ց այս ոգին, ո՞ւր է տանում դրա մաքրամաքուր ակունքը, մենք կարո՞ղ ենք հասնել այդ ակունքին, մենք ո՞ւնենք այդքան հզոր թևեր, ո՞ւնենք այդքան բարձր ու ցեղակրոն ոգի: Մեր խոնջացած մկաններն ու տկարացած ոտքերն ունե՞ն այդքան ուժ՝ բարձրանալու այդ ոգեղեն Արարատը և նրա բարձրությունից քննելու Անդրանիկ Մարգարյանի առեղծվածը…Չեմ կարծում, չեմ էլ մտածում»:/Հատված՝ «Հույսի և հավատի ասպետը» գրքից/
Ներկաներն ունկնդրեցին հատվածներ գրքերից՝ հանդիսավար, դերասանուհի Գայանե Սամվելյանի ընթերցմամբ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են