Ռոբերտ Կարապետյանի «Արվեստի աշխարհում» հոբելյանական ցուցահանդեսը


    Օգոստոսի 6-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Անկախության 25, նյույորքաբնակ ռեժիսոր, ֆոտոլրագրող Ռոբերտ Կարապետյանի ծննդյան 80, գործունեության և հեռուստատեսության 60-ամյակներին նվիրված «Արվեստի աշխարհում» խորագիրը կրող հոբելյանական ցուցահանդեսը: Հոբելյանական ցուցահանդեսի բազմաթիվ այցելուների շարքում էին դերասան, բեմադրիչ, Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Աիդա Ներսիսյանը, բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտ Խաչատրյանը, գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ Թորոս Թորանյանը, հաղորդավար, մեկնաբան Գրիգոր Հարությունյանը, մշակույթի գործիչներ, հաղորդավարներ, լրագրողներ, ընթերցողներ և այլոք: Գրադարանի հյուրընկալ դահլիճը վերածվել էր յուրատեսակ սև ու սպիտակ գուներանգների խաղ-ֆոտոպատմության՝ հեռուստատեսության, թատրոնի և արվեստի այլ բնագավառների ակունքներում կանգնած անհատների դիմանկարներով ու ներկայացումների անմահացած ակնթարթներով: Հեռուստաէկրանին զուգահեռ ցուցադրվում էր գրադարանի հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի կողմից պատրաստված տեսաֆիլմը, որտեղ տեղ էին գտել հեղինակի կատարած գունավոր լուսանկարների հավաքածուն. հայկական եկեղեցիներ, խաչեր, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում արված լուսանկարներ…
Գրադարանի տնօրինության, աշխատակիցների և բազմահազար ընթերցողների անունից շնորհավորական ուղերձը հոբելյարին հանձնեց «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը. «Նկարներից մեզ նայող մարդկանցից շատերն այսօր մեր կողքին չեն, բայց լուսանկարչի զգոն, գեղեցիկը նկատող, ակնթարթը գնահատող աչքով արված լուսանկարները միայն կհամրանացնեն ցանկացած դիտողի՝ իրենց՝ մեզ նայող շատ կերպարային, բնավորություն արտահայտող, հայացքներով»,-իր խոսքում նշեց նա : Հոբելյարին շնորհավորեցին և նրա լուսանկարչական արվեստում ստեղծած արժեքների ու հայկական հեռուստատեսությունում կատարած անգնահատելի աշխատանքների մասին դրվատանքի խոսքեր ասացին արձակագիր, հրապարակագիր, գեղանկարիչ Վանիկ Սանթրյանը, ՀՀ Սփյուռքի նախարարության մամլո խոսնակ Սեյրանուհի Գեղամյանը, կինոռեժիսոր Արսեն Ասլանյանը, լրագրող, հրապարակախոս, ՀՀ սահմանադրական դատարանի մամլո քարտուղար Հովհաննես Պապիկյանը, ամերիկահայ գրող, թատերագիր, թարգմանիչ, բեմադրիչ Հրանդ Մարգարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Մայիս Ռաֆայելյանը, հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանը, «Գրաշխարհ» գրական-մշակութային պարբերաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ռշտունին: Վերջինս Ռոբերտ Կարապետյանին շնորհեց, «Գրաշխարհ» թերթի 2015թվականի մրցանակաբաշխությունում մրցութային հանձնաժողովի որոշմամբ ընտրված, «Տարվա լուսանկարիչ» անվանակարգում գլխավոր մրցանակակիր ճանաչված մրցանակ: Մրցանակներ շնորհվեցին նաև բանասեր, լրագրող, հասարակական գործիչ Անուշ Հարությունյանին՝ «Տարվա հերոսուհի», քանդակագործ Դավիթ Մինասյանին՝ «Տարվա քանդակագործ», բանաստեղծ Նորայր Գրիգորյանին՝ «Տարվա բանաստեղծ», Ռուբեն Շուխյանին՝ «Տարվա էջագիր» անվանակարգերում: Հանդիսության ավարտին հոբելյարը շնորհակալություն հայտնեց ներկաներին և տեղեկացրեց, որ ցուցադրված որոշ լուսանկարներ կնվիրի հասցեատերերին:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են