Ռ. Հովնանյանի և Վ. Պետրոսյանի գրքերի շնորհանդես


    Մայիսի 24-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրընկալ դահլիճում տեղի ունեցավ «Վան-Վասպուրական» հայրենակցական միության նախագահ Ռոմիկ Հովնանյանի «Պատմություն կերտողները. գաղտնի բանակ» և պատմական գիտությունների դոկտոր, ինֆորմատիկայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանի «Գաղտնի բանակ. նրա գաղափարաբանությունը» գրքերի շնորհանդեսը: Սրահում ներկայացված գրող, ճարտարագետ, Մեծ Եղեռնի ականատես, գաղտնի բանակի հոգևոր հիմնադիրներից Գուրգեն Յանիկյանի և ԱՍԱԼԱ-ի 39 նահատակների լուսանկարները հուզմունք և միաժամանակ հպարտություն էին պատճառում ներկաներին: Շնորհանդեսի սկիզբն ազդարարվեց Արտուշ Խանջյանի տեսանյութի ցուցադրությամբ՝ նվիրված ԱՍԱԼԱ-ի գործունեությանը: Տեսանյութում ընդգրկված էր նաև հերոս Գուրգեն Յանիկյանի ուղերձը: Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը ռազմաքաղաքական ընդահատակյա կազմակերպություն է, որը ստեղծվել է 1975թ.-ին։ Նպատակն է համաշխարհային հասարակության ուշադրությունը հրավիրել Հայկական Հարցի վրա, թուրքական պետությանը ստիպել ճանաչելու 1915-1923թթ.-ի ցեղասպանությունը և բռնագրավված Արևմտյան Հայաստանը վերադարձնել նրա իսկական տիրոջը` հայ ժողովրդին։ Առավել մեծ արձագանք են ստացել գաղտնի կազմակերպության կողմից իրականացված Օրլի ռազմագործողությունը, «Վան», «Կարին–Էրզրում» գործողությունները և Շուկայի վրա հարձակումները, որոնց արդյունքում սպանվեցին տասնյակ թուրք դիվանագետներ և այլ պաշտոնատար անձինք: Միջոցառմանը ներկա էին ընթերցողներ, հեռուստա և ռադիո լրագրողներ, բազմաթիվ հյուրեր: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ երեկույթի հանդիսավարը՝ դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանը: Հաջորդիվ ներկաներն ունկնդրեցին գաղտնի բանակին նվիրված հիմնը /հեղինակ՝ Սիմոն Դեդեյան, երաժշտությունը՝ Պատրիկյանի/, որը ներկայացրեց «Գայանե» անսամբլը՝ Գայանե Սահակյանի ղեկավարությամբ: Ներկայացվող գրքերի վերաբերյալ մեկնաբանությամբ հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Սարգսյանը, Ռոմիկ Հովնանյանն ու Վլադիմիր Պետրոսյանը: Վերջին տարիներին ԱՍԱԼԱ-ի մասին լույս տեսած պատմագիտական բնույթի գրքերից մի քանիսը համառոտ ներկայացրեց պատմաբան, հրապարակախոս Գևորգ Յազըճյանը: Ելույթով հանդես եկան գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ Թորոս Թորանյանը և Հայաստանի Ազատագրման Հայ Գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը: Երաժշտական կատարմամբ հանդիսատեսին ողջունեցին երգիչ Գրիգոր Համբարյանը, երգիչ, երգահան Արսեն Համբարյանը և «Վան» ազգագրական երգի-պարի համույթը. գեղարվեստական ղեկավար՝ Անդրանիկ Հովհաննիսյան:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են