Ս․ Մարգարյանի «Մարգարեի ուղերձը» տասլեզվյա գրքի շնորհանդես


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոոոնական գրադարանի դահլիճում նոյեմբերի 21-ին Հայաստանի գրողների միության հետ համատեղ կազմակերպվեց շիրակցի բանաստեղծ Սամվել Մարգարյանի «Մարգարեի ուղերձը» տասլեզվյա գրքի շնորհանդեսը։ Բացման խոսքով հանդես եկավ և միջոցառումը վարեց «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը։ Նա նշեց, որ Շիրակ բազմատաղանդ աշխարհի շնորհաշատ մտավորականների հետ այս հանդիպումն առավել կամրապնդի Երևանի և Շիրակի միջև մշակութային հարաբերությունները և արդյունավետ փոխգործակցությունը։ Իր խոսքում տիկին Կարապետյանը կարևորեց Սամվել Մարգարյանի գրական և խաղաղասիրական առաքելությունը հանուն ազգի, հանուն մարդկության, հանուն մոլորակի։ Գրքի մասին գնահատանքի ջերմ խոսքեր ասացին ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ, բան. գիտ. դոկտոր Վարդան Դևրիկյանը, «Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն, բանաստեղծուհի Անուշ Վարդանյանը, «Մշակույթի հայկական ֆոնդի» նախագահ, բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ Արևշատ Ավագյանը, գյումրեցի բանաստեղծ Սերգեյ Վարոսյանը, Շիրակի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր Գագիկ Խաչիկյանը, ՀԳՄ հրատարակչության տնօրեն , գրող, բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանը, գրող, պատմավիպասան Հրաչ Հառիճեցին, բանաստեղծուհի Լիլիթը, վրացի թարգմանչուհի Նինո Սպանդարաշվիլին, ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարը, «Սողոմոն Թեհլերյան» հայրենասիրական ՀԿ-ի նախագահ, գործարար, բարերար Ռազմիկ Դարբինյանը, գրող Հարություն Ավետիսյանը, պատմական գիտությունների թեկնածու, հրապարակագիր Արմեն Կարապետյանը։ Հեղինակին անակնկալ մատուցեց թոռնիկը՝ արտասանելով պապիկի բանաստեղծություններից մեկը: Գրքից դրվագներ ընթերցեցին դերասանուհի Գայանե Սամվելյանը և Աիդա Ասատուրյանը։ Գրադարանի տնօրեն տիկին Հասմիկ Կարապետյանն իր երախտագիտությունը հայտնեց Սամվել Մարգարյանին, Անուշ Վարդանյանին, Գագիկ Խաչիկյանին գրադարանին իրենց արժեքավոր գրքերը նվիրելու համար։ Միջոցառման ավարտին Սամվել Մարգարյանը շնորհակալական խոսք հղեց բոլոր աջակիցներին և ընթերցեց իր անտիպ բանաստեղծություններից։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են