Միջմշակութային կամուրջներ


    Փետրվարի 15-ին «Միջմշակութային կամուրջներ» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիսություն՝ նվիրված Սերբիայի Հանրապետության պետականության օրվան: Հանդիսությունը վարեց Հայաստանում Սերբիայի Հանրապետության Պատվո հյուպատոս, բանաստեղծ, թարգմանիչ, սերբագետ, մշակույթի գործիչ Բաբկեն Սիմոնյանը: Նա բանաստեղծությունների, էսսեների ու ակնարկների տասնմեկ գրքի և շուրջ 900 հրապարակումների հեղինակ է: Դրանց մեծ մասը վերաբերում է սերբագիտությանը, ինչպես նաև սերբահայ համայնքի հիմնախնդիրներին: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկան Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը, «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը, ՌԴ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ Անուշավան Վանցյանը, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Լևոն Բլբուլյանը: Հայերեն լեզվով ներկաներին ողջունեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճեմարանի սան Պրեդրագ Միյանովիչը: Ցերեկոյի ընթացքում հնչեցին սերբական հայրենասիրական երգեր, ինչպես նաև ներկաներն ունկնդրեցին հայ և սերբ բանաստեղծների ստեղծագործությունները՝ հանդիսավար, դերասանուհի Գայանե Սամվելյանի ընթերցմամբ: Ամփոփելով հանդիսությունը Բաբկեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և ընթերցեց իր կողմից թարգմանված Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են