Գուսան Հայկազունու «Հայեր միացեք» երգարանի շնորհանդես


    …Դարպասներդ թող որ ընդմիշտ բաց մնան,
Ողջ հայության հույս ու հավատ, Երևան,
Թող ոչ մի հայ քեզնից կարոտ չմնա,
Մնաս հավերժ հայի պարծանք, Երևան…
Գուսան Հայկազուն
Նոյեմբերի 17-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճը լեփ-լեցուն էր. ընթերցասեր հասարակայնությունը հավաքվել էր ողջունելու երգահան, երգերի հեղինակ, արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գուսան Հայկազունու «Հայեր միացեք» երգարանի շնորհանդեսը: «Երգարանի ստեղծման նպատակն է ժողովրդին տալ 1988թ.-ից մինչև օրս Գուսան Հայկազունու կողմից գրված հանրությանը ծանոթ և դեռ չլսված երգերի մի մասը՝ իրենց ճիշտ խոսքերով և ճիշտ երաժշտությամբ…»
Արմինե Հայկազուն
Բացման խոսքով հանդես եկավ դերասանուհի, ցերեկոյի հանդիսավար Գայանե Սամվելյանը: Հեղինակին ողջունեցին գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, գրող, լրագրող Վրեժ Սարուխանյանը, արձակագիր, ազատամարտիկ Հովիկ Վարդումյանը, բանաստեղծ, թարգմանիչ, նկարիչ Արևշատ Ավագյանը, Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ Ավետիք Հարությունյանը և այլք:
…Որդիներդ հայկազուն են համարձակ,
Աղջիկներդ՝ վարդ, մանուշակ, Արեգակ,
Ով չի տեսել՝ քեզ է տենչում շարունակ,
Պանդուխտներդ վեհ երազանք, Երևան…
Գուսան Հայկազունու ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկան երգչուհի Ելենա Երևանը, «Հայկազունք» խումբը, երգիչ, երգահան Արսեն Համբարյանը: Հեղինակին ողջույնի ուղերձ էր հղել Օ. Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարանի տնօրեն Վաչագան Պետրոսյանը:
Վստահ եղիր, մերն է պայծառ ապագան,
Կորցրած Վանն ու Մուշ, Սասունն էլ ետ կգան,
Բոլոր կողմից որդիքդ դեպ քեզ կգան,
Հայոց պարծանք, մայրաքաղաք Երևան:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են