Արծուիի«Այլաստանցի Մուչիկ Հայաստանցին»գրքի շնորհանդես


    Սեպտեմբերի 9-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճը կրկին լեփ-լեցուն էր. ընթերցասեր հասարակայնությունը հավաքվել էր ողջունելու «Մատյան պրես» մատենաշարով լույս տեսած՝ բանասեր, հայագետ, կինոգետ, պատմաբան, բառարանագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Արծուիի /Արծվի Բախչինյան/ «Այլաստանցի Մուչիկ Հայաստանցին» անթարգմանելի վիպակի ծնունդը: Ներկա էին գրականագետներ, մշակույթի և հասարակական գործիչներ, լրագրողներ, բազմաթիվ ընթերցողներ, հյուրեր: «Այլաստանցի Մուչիկ Հայաստանցին» վիպակը հեղինակի առաջին ծավալուն գեղարվեստական ստեղծագործությունն է: Վիպակում արտացոլված բոլոր դեպքերն ու իրադարձությունները բացառապես իրական են, ներառյալ վերջաբանը, որը շատերին կարող է անհավանական ու մտացածին թվալ: Բայց դե եղել է նման բան… Վիպակում հիշվող աշխարհագրական անունները նույնպես բացառապես իրական են, եթե անգամ այդպիսին չեն թվում: Վիպակի գործող անձինք և հիշված բոլոր մարդիկ ոչ բացառապես, սակայն մեծ մասով նույնպես իրական են, շատերն՝ իրենց իսկական անուններով: Սկսած գլխավոր հերոս Մուչիկից… Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ»ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Շնորհավորելով նոր գրքի ծնունդի առիթով՝ տիկին Կարապետյանը ողջունեց այն փաստը, որ «Մատյան պրես» մատենաշարով տպագրվող բոլոր գրքերը հրատարակվել են ամերիկահայ բարերար Հայկ Սվաճյանի կողմից և գրքի վաճառքից ստացված գումարը նույնպես ուղղորդվելու է բարեգործական նպատակներով: Գրքի խմբագիրը՝ «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը նշեց, որ հեղինակը իր ստեղծած մեծագործությունները գրել է «թեթև ձեռքով»: «Արծվի Բախչինյանի աշխարհաճանաչողությունը, լեզուների տիրապետումը, բազում ճամփորդությունները, տարբեր մշակույթների խորը ուսումնասիրությունը արտացոլված են ստեղծագործության մեջ: Նրա ձեռքբերումներից մեկը վիպակում յուրահատուկ լեզվի ստեղծումն է, նա կարծես թե լուծել է արդի հայ գրականության մեջ բանավեճի առարկա լեզվի խնդիրը՝ ինչպե՞ս գրել, որ խիստ գրական չհնչի, մյուս կողմից էլ՝ փողոցի լեզուն գրականություն չգա: Վիպակի հեղինակային լեզուն, իհարկե, հարուստ հայերենն է, սակայն, նա գիտի առարկաներն իրնց անուններով կոչել և նրա հերոսները միանգամայն բնական առօրյա խոսակցական լեզվով են խոսում…»:-Իր ելույթում նշեց թատերագետ, արձակագիր, թատերագիր Անուշ Ասլիբեկյանը: Հաջորդիվ հեղինակի գրական գործունեության վերաբերյալ դրվատանքի խոսքերով և շնորհավորանքով հանդես եկան բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, գրաքննադատ Անի Փաշայանը, նկարչուհի Զարուհի Մուրադյանը և այլք: Կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը շնորհավորելով հեղինակին՝ նշեց. «Ստեղծագործության ընթերցանության ամբողջ ընթացքում իմ գլխում երաժշտություն էր հնչում, որը սովորաբար հատուկ է պոեզիային, բայց ոչ՝ արձակին…»: Ներկաներն ունկնդրեցին գրքից հատվածներ հանդիսավարի՝ դերասանուհի-ասմունքող Գայանե Սամվելյանի ընթերցմամբ: Հանդիսության ավարտին հեղինակը շնորհակալություն հայտնեց ներկաներին և բոլոր նրանց, ովքեր ձեռնամուխ էին եղել գրքի ստեղծման գործընթացին:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են