Դասախոսություն՝ նվիրված Մխիթարյան միաբանության 300 - ամյակին


    Օգոստոսի 18-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ դասախոսություն՝ նվիրված Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակին, «Մխիթարյան միաբանության հայրերի ավանդը համաշխարհային մշակույթում»թեմայով: Դասախոսությունը ներկայացրեց աստվածաբան, փիլիսոփայության և արվեստի դոկտոր, Մխիթարյան միաբանության վարդապետ, Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հայր Հարություն Պզտիկյանը: Միջոցառմանը ներկա էին երգչախմբային դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը, հեռուստալրագրող, հաղորդավար, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Արփեն Մովսեսյանը, գրականագետներ, բազմաթիվ ընթերցողներ, հյուրեր: Միջոցառման մեկնարկն ազդարարեց օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Մագդա Մկրտչյանը՝ հոգևոր շարականի կատարմամբ: Ողջույնի խոսքով հանդես եկավ «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ»ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, ով շնորհակալություն հայտնեց Հայր Հարություն վարդապետ Պզտիկյանին՝ Մխիթարյան վարժարանների գործունեության մեջ ունեցած մեծ վաստակի համար: Մինչ դասախոսության մեկնարկը՝ Հայր Հարություն վարդապետ Պզտիկյանը «Մխիթար Աբբահայր 1676» մեդալ հանձնեց գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանին՝ հայ գրքի պահպանման և տարածման գործում ունեցած ավանդի համար: Վարդապետ Պզտիկյանը ծնվել է Բեյրութում՝ մուսալեռցու ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում: Իսկ երկրորդական և համալսարանական ուսումը ստացել է Վենետիկի, Հռոմի և Փարիզի համալսարաններում: Մի շարք հայերեն և օտար լեզուներով գրքերի հեղինակ է: Ստացել է բազմաթիվ մրցանակներ: Նա հանդես է եկել իր անհատական ցուցահանդեսներով: Առաջին արվեստի ցուցահանդեսը կայացել է 1962-ին Վենետիկում:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են