«Օզոնի օրագրություն» գրքի հայերեն թարգմանության ներկայացումը


    Օգոստոսի 7-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ թարգմանիչ, ամերիկահայ դրամատուրգ, գրող, ազգային-մշակութային գործիչ Հրանդ Մարգարյանի կողմից թարգմանված ամերիկահայ անվանի գրող, բանաստեղծ, հուշագիր Փիթեր Բալաքյանի «Օզոնի օրագրություն» բանաստեղծական ժողովածուի հայերեն թարգմանության շնորհանդես-ներկայացումը: Ներկա էին գրականագետներ, լրագրողներ, բազմաթիվ ընթերցողներ և հյուրեր արտերկրից: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ <<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>>ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Գրքի հայերեն թարգմանական վերլուծությունը ներկայացրեց հանդիսության բանախոսը՝ Հրանդ Մարգարյանը: Հնչեցին բանաստեղծական հատվածներ՝ Բոստոնի համալսարանի ուսանող Թոմաս Թողրամաջյանի և ԿԳ-ի <<Ամերիկյան կենտրոն>> բաժնի պատասխանատու Նելլի Խաչատրյանի ընթերցմամբ: «Օզոնի օրագրություն» ժողովածուի համար հեղինակին շնորհվել է ամերիկյան հեղինակավոր Պուլիցերյան մրցանակ, որը տրվում է գրականության, լրագրության, երաժշտության եւ թատրոնի ասպարեզներումՙ տարվա լավագույն ստեղծագործությունների համար: Փիթեր Բալաքյանն ունի ամերիկյան քաղաքակրթության ասպարեզում փիլիսոփայության դոկտորի կոչում (Բրաունի համալսարան): 1980-ից դասավանդում է Նյու Յորք նահանգի Քոլգեյթի համալսարանում, որտեղ այժմ անգլերենի ֆակուլտետում հումանիտար գիտությունների պրոֆեսոր է և ստեղծագործական գրավոր խոսքի կենտրոնի տնօրենը: Եղել է Քոլգեյթի համալսարանի Էթիկայի և աշխարհի հասարակությունների կենտրոնի առաջին տնօրենը: Լինելով մարդու իրավունքների ջատագով՝ Բալաքյանը ներգրավվել է Հայոց եղեռնի ճանաչման ազգային և միջազգային շարժման մեջ: «Օզոնի օրագրություն» բանաստեղծությունների ժողովածուն անդրադարձ է 20-րդ դարասկզբի ամենասահմռկեցուցիչ իրողության՝ Հայոց ցեղասպանության ողբերգական դեպքերին: Գիրքը հրատարակվել է Չիկագոյի համալսարանի կողմից: Հանդիսության ամփոփումն ընթացավ հարց-պատասխան ձևաչափով՝ ներկաների և Հրանդ Մարգարյանի մասնակցությամբ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են