Ֆելիքս Պետրոսյանի «Աբու Լալայի վերադարձը» գրքի շնորհանդես


    Եվ այլևս ոչ մի անապատ չէր կարող կանգնեցնել
Կյանքին սիրահար այդ քարավանի հոգեհույզ երթը...
Հունիսի 16-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ վաղամեռիկ բանաստեղծ Ֆելիքս Պետրոսյանի «Աբու Լալայի վերադարձը» գրքի շնորհանդեսը և նրան նվիրված կոլաժների ցուցադրությունը: Գրքի հրատարակումը հովանավորել է Ալիս Սողոմոնյանը:
Խորհրդային միության տարիներին չներվեցին հեռուստատեսության խմբագիր Ֆելիքսի համարձակ հաղորդումները, որոնցում բացահայտվում էին հասարակությանը խորթ բարքերը, վեր հանվում թերությունները , և Ֆելիքսը հանիրավի բանտարկվեց ու այնտեղ էլ, կաթվածի հետևանքով, կնքեց իր մահկանացուն: «Մահարու վերադարձը» պոեմում բանաստեղծը հասարակություն է վերադարձնում Ավետիք Իսահակյանի հերոսին՝ Աբու Լալա Մահարուն, որը նախընտրել էր ապրել անապատում՝ մարդկանցից հեռու: Ֆելիքս Պետրոսյանի քնարական հերոսն իր երկար բացակայությունից հետո վերադառնում է դեպի մարդիկ, դեպի իր հայրենի քաղաքը: Պոեմում Մահարու վերադարձն արդարացնող խոհերն են ու նրա ապրումները: Գրքի կազմող, Սահմանադրական դատարանի մամլո քարտուղար Հովհաննես Պապիկյանը գրքի առաջաբանում համառոտ խոսել է պոեմի մասին. « Աբու-Լալա-Մահարուն նվիրված քո պոեմը դու գրեցիր կալանավայրում: Գրեցիր քո Մահարու մասին և ուզեցիր, որ նա վերադառնա: Նա արդեն ձգվում էր դեպի տուն, իր ողջույնը բերում Արևին ու Առավոտին: Քո «Մահարու վերադարձը» այն մրցանակը կլինի ՝ բոլոր նրանց տրվելիք, ովքեր մեզ մենակ չթողեցին մեր ու քո վիրտուալ երկխոսության բոլոր օրերին» : Հուշ- ցերեկոյին ներկա էին կոմպոզիտոր, բանաստեղծ, լրագրող, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Սասուն Պասկևիչյանը, գրող, հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը, ՀՀ ժողովրդական արտիստ , բանասիրական գիտությունների թեկնածու, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր և «Սայաթ-Նովա» մշակութային միության ղեկավար Թովմաս Պողոսյանը, լրագրող Շուշանիկ Սահակյանը, դերասանուհի Գայանե Սամվելյանը, ով ընթերցեց գրքից հատվածներ և այլք: Շնորհանդեսը զուգորդվեց Անահիտ Տարոնցի և Հրածին Վարդևանյանի Ֆելիքս Պետրոսյանին նվիրված տեսանյութերի ցուցադրությամբ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են