«Հայկական պատմվածքներ» և «Կյանքի կարուսել»գրքերի շնորհանդես


    Մայիսի 12-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ գրականագետ-մատենագետ, թարգմանիչ, ազգային գործիչ, հրապարակախոս Հովսեփ Նալբանդյանի (ԱՄՆ) «Հայկական պատմվածքներ» (հատորներ Ա, Բ, Գ) և նրա հովանավորությամբ լույս տեսած պատմաբան, հրապարակագիր, հասարակական գործիչ Ավետիս Ռազմիկի (Կիպրոս) «Կյանքի կարուսել» (հրապարակագրություն) գրքերի շնորհանդեսը: Ներկա էին բազմաթիվ ընթերցողներ, մշակույթի գործիչներ, մտավորականներ, գրականագետներ, գրաքննադատներ և հյուրեր արտերկրից: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը. շնորհավորելով հեղինակին՝ նա գոհունակություն հայտնեց, որ արտերկրի հայ գրողները հրատարակում են գրքեր և տարածում մեր գրականությունը… «Անխոջ և արդյունավետ աշխատանք, հայ կյանքի և մշակույթի իմացություն, նոր սերնդի մոտ ընթերցասիրությունը զարգացնելու ճիգ, եռանդ… թերևս սրանք ընդամենը մի քանիսն են այն հատկանիշներից, որոնք կառուցում են Հովսեփ Նալբանդյանի տեսակը: Հեղինակի մասին ամենաճշմարիտ և անկեղծ բարձրախոսներն արդեն ընթերցողի սեղանին դրված ստեղծագործական աշխատանքի պտուղներն են: Նրա նոր լույս ընծայված՝ եռագույնի խորհրդով գունազարդ կազմերեսով եռահատորյակն է, որն ամբողջացնում է արևելահայ, արևմտահայ, սփյուռքահայ գրողների պատմվածքները…»,- նշեց օրվա բանախոսը՝ թուրքագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Էլինա Միրզոյանը: Հովսեփ Նալբանդյանի գրական գործունեության վերաբերյալ գնահատանքի խոսքեր ասացին Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրո‎ֆեսոր Սուրեն Դանիելյանը, Ավետիս Ռազմիկը, գրող-հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ Թորոս Թորանյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սամվել Մուրադյանը, ՌԴ-ի Սամարայի մարզի հայ ազգային-մշակութային «Նաիրի» հասարակական կազմակերպության նախագահ Զոհրաբ Միրզոյանը, «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը և այլք: Երաժշտական կատարմամբ հանդիսատեսին ողջունեցին երգիչ, երգահան Արսեն Համբարյանը, թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը, քանոնահարուհի Մարիամ Հակոբյանը: Ավետիս Ռազմիկի «Կյանքի կարուսել» գիրքը ներկայացրեց պատմաբան Գևորգ Յազըճյանը: Հովսեփ Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով հյուրերին ներկա գտնվելու համար, նշեց, որ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի գրողների միության անդամները ոչ միայն հրատարակում են գրքեր, այլև ջանում են հայ գիրը, գրականությունը միշտ պայծառ պահել և հասանելի դարձնել երիտասարդ սերնդին… Ներկաներն ունկնդրեցին «Հայկական պատմվածքներ» ժողովածուից հատվածներ դերասանուհիներ «Իսահակյան» թատերախմբի ղեկավար Մարիամ Հակոբյանի և երեկոյի հանդիսավար Գայանե Սամվելյանի ընթերցմամբ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են