Զրույց-զեկուցում «Առողջ ապրելակերպի մասին» թեմայով


    Ապրիլի 28-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ զրույց-զեկուցում «Առողջ ապրելակերպի մասին» թեմայով, որը ներկայացրեց բուսաբույժ-սննդաբույժ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Հովհաննիսյանը: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը: Ներկայացնելով բուսաբույժին՝ նշեց, որ պրոֆեսոր Ռաֆայել Հովհաննիսյանը ղեկավարել է «Հայբուսակ» ինստիտուտի նորաստեղծ «Բուսաբուժություն» ամբիոնը և ինստիտուտին կից պոլիկլինիկայի «Բուսաբուժություն» կաբինետը, որտեղ հիվանդները ստացել են սպառիչ խորհրդատվություն և բուժում բացառապես բուսական-բնական մեթոդներով (դեղաբույսեր, ճիշտ ընտրված սննդակարգ, մարզանքներ և այլն): Ճանաչված պրոֆեսորը հեղինակ է «Բուսաբուժություն» (ֆիտոթերապիա) գրքերի /1-ին և 2-րդ հատորներ/, որոնք որպես ուսումնական ձեռնարկ նախատեսված են բժշկական մասնագիտացում ունեցող բուհերի ուսանողների, բժիշկների և լայն ընթերցողների համար: 2001թվականին արտագաղթելով ԱՄՆ՝ բնակվել է Գլենդել քաղաքում: Իր անսպառ եռանդի շնորհիվ Ռաֆայել Հովհաննիսյանը Գլենդելում նույնպես շարունակել է ակտիվ բժշկական գործունեություն ծավալել: Նա վարել է «Բույսերի աշխարհ ժողովրդական բժշկություն» հեռուստածրագիրը: «Փող ես կորցրել` ափսոս է, ժամանակ ես կորցրել` ներելի չէ, առողջությունդ ես կորցրել` անհույս է»:- Գ. Ռաթների այս աֆորիզմով սկսեց պրոֆեսորը իր զեկույցը:-Առողջ մնալու գրավականը առողջ մարմինն է, առողջ հոգին և միտքը...: Բժիշկ Ռաֆայել Հովհաննիսյանը հանգամանալից խոսեց առողջ ապրելակերպի, սննդակարգի ու ճիշտ սնվելու կուլտուրայի մասին: Միջոցառման ավարտին տեղի ունեցավ ակտիվ քննարկում և պրոֆեսորը պատասխանեց մասնակիցների բոլոր հարցերին:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են