Հանդիպում թարգմանիչ, արձակագիր Արամ Արսենյանի հետ


    «Մարդը որքան բանական և ասուն, նույնքան անբնական ու անասուն արարած է, քանզի հազար անգամ խաբվելուց ու դավաճանվելուց հետո էլ հազար մեկերորդ անգամ դարձյալ մտքի ծայրով հույս է փայփայում, թե արդարությունն ու բարի կամեցողությունը հաստատ հաղթանակելու են, և հեքիաթի չար պառավը բարի դշխուհի է դառնալու, և մուկը պանիր չի գողանալու, և կատուն մկանը չի խժռելու, և շունն էլ կատվին չի գզելու: Եվ շարունակում է ապրել հույսով ու հավատով և սիրով, բնական բանականության մեջ անբնական և ասուն անասունության մեջ անհաղորդ»:
Արամ Արսենյան /«Աղե լեռ»/
Ապրիլի 21-ին, «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակում, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում թարգմանիչ, արձակագիր Արամ Արսենյանի հետ՝ ծննդյան 65-ամյակի առթիվ:
Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ»ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը և գրադարանի աշխատակիցների և ընթերցողների անունից հեղինակին հանձնեց շնորհավորական ուղերձ:
Հեղինակի գրական գործունեության, թարգմանական աշխատանքների մասին դրվատանքի խոսքերով հանդես եկան ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտեմ Հարությունյանը, արձակագիր, լրագրող Ռոլանդ Շառոյանը, «Ծիծեռնակ» ամսագրի գլխավոր խմբագիր, գրող, հրատարարակիչ Անուշ Վարդանյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրո‎ֆեսոր Սուրեն Դանիելյանը,գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Աելիտա Դուլուխանյանը և այլք:
Սփյուռքագետ, բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արթուր Անդրանիկյանը՝ շնորհավորելով հոբելյարին նշեց. «Ինչպես չենք կարող Վ. Տերյանի ստեղծագործությունից անգամ մի ստորակետ զեղչել, այնպես էլ՝ Արամ Արսենյանի թարգմանությունից: Նա պատանու պես սիրահարված է հայերենին և կարողանում է հոգևոր մարմնի մեջ ամփոփել օտար գրողներին»:
Արամ Արսենյանի թարգմանական գրականության՝ մասնավորապես գրող, լրագրող, Նոբելյան մրցանակակիր Ջոն Ստայնբեքի «Ցասման ողկույզներ» և անգլիացի վիպասան Դ. Հ. Լորենսի «Լեդի Չաթըրլիի սիրեկանը» վեպերի վերլուծական մեկնաբանությամբ հանդես եկավ Արամ Արսենյանի որդին՝ բանաստեղծ Վահե Արսենը:
Հանդիսությունը վարում էր դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են