Գայանե Մկրտչյանի «Արևագալին» ժողովածուի շնորհանդես


    …Այնպես խոնարհ է օրը համրանում գիշերաժամին,
Ինչպես համբուրվող զույգի աչքերն են փակվում ակամա,
Սահուն լուծվում է սահմանագիծը նորի ու հնի՝
Ջրի մեջ հալչող շաքարավազի կամ աղի նման…
Գայանե Մկրտչյան
Ապրիլի 10-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում պոեզիայի երեկո էր. ընթերցասեր հասարակայնությունը հավաքվել էր ողջունելու բանաստեղծուհի Գայանե Մկրտչյանի «Արևագալին» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Ներկա էին մշակույթի և հասարակական գործիչներ, հեղինակի գրչակից ընկերները:
Ներկաներին ողջունեցին և հեղինակի գրական գործունեության վերաբերյալ ելույթով հանդես եկան գրող, բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը, գրող, լրագրող Վրեժ Սարուխանյանը,կինոքննադատ Անահիտ Արփենը, բանաստեղծ Արթուր Կարենցը, գրող, սցենարիստ ,պետական և քաղաքական գործիչ ,արձակագիր, հրապարակախոս Էդուարդ Խաչիկյանը, երգչուհի Սիրանույշ Եղիազարյանը և այլք:
…Ու աներևույթ գույներ է որսում սրատես հոգին,
Հասնում խորքերին անվերծանելի զգայական աչքերով:
Անտեսանելին տեսնելն, արդարև, շնորհ է անգին,
Երևակայման կայծը մի՛ մարիր իրատես մտքով…
Հեղինակի բանաստեղծությունների բառերով գրված երգերի կատարումներով հանդես եկավ երաժշտական թատրոնի դերասանուհի Սոնա Քոլոզյանը՝ կոմպոզիտոր Կարինե Գալյանի նվագակցությամբ:
Ներկաներն ունկնդրեցին հեղինակի բանաստեղծությունները Մարիամ Աղաբաբյանի, Նարեկ Մարգարյանի և երեկոյի հանդիսավար, դերասանուհի Գայանե Սամվելյանի ընթերցմամբ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են