Ավետիք Իսահակյանի նամակները» գրքի շնորհանդես


    Ապրիլի 6-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Ավետիք Իսահակյանի նամակները» գրքի շնորհանդեսը: Ներկա էին գրականագետներ, մշակույթի գործիչներ, ընթերցողներ, լրագրողներ:
Ժողովածուն ընդգրկում է բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի՝ 1895-1957 թվականներին հայ նշանավոր գրողներին, հասարակական ու պետական գործիչներին գրած նամակները /267 նամակ/, որոնցում արտացոլված են հայ ժողովրդի պատմության նշված ժամանակահատվածի քաղաքական, սոցիալական, գրական ու մշակութային կյանքի ամենատարբեր խնդիրներ:
Գիրքը ծանոթագրել են Արփիկ Ավետիսյանն ու Լիլիթ Ավագյանը:
«…Գրքում ընդգրկել ենք հակիրճ տեղեկություններ նամակներում հիշատակված անձանց և պարբերականների մասին, լուսանկարներ: Այս աշխատությունն ամենևին չի հավակնում համարվել ավարտուն. Իսահակյանի անտիպ նամակներն, անշուշտ, բազմաթիվ են՝ շատ անհատների անձնական արխիվներում, Սփյուռքի տարբեր խմբագրատներում, պարբերականներում, որոնք ժամանակի ընթացքում ի հայտ կգան և կամփոփվեն այլ հատորներում…»:
Լիլիթ Ավագյան
«Իսահակյանի նամակներն ընդգրկում են ավելի քան վեց տասնամյակ և, որոշ առումով, լինելով նրա օրագիր-հիշատակարանի լրացում, ունեն գրապատմական և մշակութային ակնառու արժեք…»:
Արփիկ Ավետիսյան
Ավ. Իսահակյանի նամակներում արտահայտված խոհերի ու մտորումների, գրական-քաղաքական, հասարակական հայացքների մասին ելույթով հանդես եկան գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Իսահակյանի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, լրագրող, գրականագետ, ՀՀ բանակի կապիտան, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, պատմաբան Գևորգ Տեր-Վարդանյանը, գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը և այլք:
Ներկաներն ունկնդրեցին հեղինակի նամակներից և այլ ստեղծագործություններից՝ ցերեկոյի հանդիսավար, դերասանուհի Գայանե Սամվելյանի ընթերցմամբ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են