Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ


    Մարտի 27-ին «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» միջոցառումների շրջանակներում՝ Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում հյուրընկալվել էին Երևանի Գուրգեն Մահարու անվան թիվ 176 հիմնական դպրոցի երրորդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Մարլենա Սմբատյանի ուղեկցությամբ: Երեխաները մեծ հետաքրքրությամբ շրջեցին գրադարանում, ծանոթացան գրադարանից օգտվելու կանոններին, իրականացվող աշխատանքներին, տեղեկացվեցին կազմակերպվող դասընթացների, ակումբների մասին: «Ամերիկյան կենտրոն» բաժնում ծանոթացան նորագույն տեխնիկայի եռաչափ գրիչին: ԿԳ-ի Մանկական գրականության բաժնում «Հեքիաթի ժամ» և «Հայկական ազգային խաղերի ուսուցում» ծրագրերի շրջանակներում աշակերտները հանդիպեցին գրող, թարգմանիչ, մանկագիր, խմբագիր Սաթենիկ Մկրտչյանի հետ : Մանկագիրը նրանց հետ խաղաց հայկական ժողովրդական խաղ՝ «Առածանի» և «Հանելուկախաղ», այնուհետև երեխաներին ծանոթացրեց իր ստեղծագործություններին, մասնավորապես խոսեց «Հին քաղաքի ամենածեր հնակարկատը» պատմվածքի մասին…
« ... -Հասկանու՞մ ես, տատ, ես դրանք տանելու եմ ծեր հնակարկատին, նա մեծ վարպետ է…
-Նա, իսկապես, մեծ վարպետ է,-ասաց տատիկը,-երևի մի հարյուր տարեկան կլինի:
-Ես բոլորովին էլ այդ չէի ուզում ասել,-նեղացավ Արմենը:
-Ինձ ին՞չ, թե դու ին՛չ էիր ուզում ասել,-ավելի նեղացավ տատիկը,-ինձ ի՞նչ քո ասածը, եթե դու չես ցանկանում լսել, թե ե՛ս ինչ եմ ասում:
Արմենն այստեղ գլխի ընկավ, որ ինքը փչացրեց գործը և փորձեց ուղղել սխալը.
-Ախր,-հոգոց հանեց նա,-ախր, բոլորովին անհավատալի է, տա՛տ, հարյուր տարի˜…Նա իսկապե՞ս հարյուր տարեկան կլինի, տա՛տ:
Տատիկը մի փոքր մեղմացավ…»:
Որից հետո երեխաները հնարավորություն ունեցան դիտելու վերոհիշյալ պատմվածքի հիման վրա նկարահանված «Старый сапожник» և մուլտիպլիկատոր, ռեժիսոր Գայանե Մարտիրոսյանի հեղինակած «Վիշապագորգ» մուլտֆիլմերըը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են