Վահէ Լոռենցի «Գառնի» գրքի շնորհանդես


    Մարտի 23-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ պատմաբան, գրող-հրապարակախոս Վահէ Լոռենցի նոր՝ «Գառնի» գրքի շնորհանդեսը: Գիրքը «Տիր-Ար զբոսավարներ» մատենաշարի թվով երրորդն է, պատմում է Գառնու հեթանոսական տաճարի մասին և նախատեսված է զբոսավարների և զբոսաշրջիկների համար: Հանդիսությանը ներկա էին գրականագետներ, ուսանողներ, հասարակական և մշակույթի գործիչներ, բազմաթիվ ընթերցողներ:
Մինչ գրքի մասին խոսելը՝ հեղինակը «Տիր-Ար» ընկերության կողմից՝ արդյունավետ համագործակցության համար, շնորհակալագրեր հանձնեց Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանին, «Մագաղաթ» տպագրատանը, թարգմանությունների համար՝ Լուսինե Ղազարյանին, Փառանձեմ Սարգսյանին և այլոց:
Հեղինակը ներկայացրեց Գառնու տաճարի պատմությունը, խոսեց խորհրդանշանների, ճարտարապետության, նրա հոգևոր նշանակության մասին: Գառնու ամրոցն ու տաճարը գտնվում են Կոտայքի մարզում՝ Ազատ գետի կիրճի աջ կողմում, եռանկյունաձև բարձր հրվանդանի վրա: Ամրոցի հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ: Հնագիտական պեղումների ժամանակ բացվել է վաղ բրոնզեդարյան բնակատեղի՝ կացարաններով և բազմաթիվ գտածոներով: Ուրարտական շրջանում Գառնին եղել է պետության կարևորագույն ռազմական պատվարներից մեկը:
Գառնիում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են վաղ բրոնզեդարյան ժամանակաշրջանի բազմաթիվ գտածոներ:
Գառնու տաճարը, համաձայն 14-րդ դարի մի ձեռագրի, հիմնադրվել է մ.թ.ա. 2166թ-ին: Ամրոցի մասին առաջին անգամ հիշատակում է հռոմեացի պատմիչ Տակիտոսը: Բնակավայրը հիմնել է Հայկ Նահապետի ծոռ Գեղամը: Նա, ի պատիվ իր թոռան՝ Գառնիկի, տաճարն անվանակոչել է Գառնի:
Հանդիսատեսին երաժշտական կատարմամբ ողջունեց երգիչ, երգահան Արսեն Համբարյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են