Խաչիկ Մանուկյանի գրքերի շնորհանդես


    «Հիմա, երբ որդիդ սահմանին է,
Հիմա, երբ ռումբեր են պայթում,
Երբ ամեն զինվորի վերքից
Նաև արյուն է կաթում,
Չե՛ս կարող երազին կուլ գնալ,
Չե՛ս կարող մնալ արթուն,
Աննահանջ կռվե՛լ նրա հետ,
Նրա հետ հաղթե՛լ մարտում»:
Խաչիկ Մանուկյան
Մարտի 17-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճը լեփ-լեցուն էր. ընթերցասեր հասարակայնությունը հավաքվել էր ողջունելու բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի երկու նոր գրքերի՝ «Եթերային ապարանք» և «Փոքրիկ զորավարը» բանաստեղծությունների ժողովածուների շնորհանդեսը: Ցերեկոյին ներկա էին գրող, երգահան, քաղաքական գործիչ, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը, գրող, թարգմանիչ, հրատարակիչ, խմբագիր Վաչագան Սարգսյանը, կինոգետ, կինոդրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Գալստյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, գրականագետներ, մշակույթի և հասարակական գործիչներ, լրագրողներ, հյուրեր: «Խաչիկ Մանուկյանի պոեզիան շատ բազմաշերտ է. սեր, հայրենիք, քաղաքացիական դիրքորոշում, մարդը՝ միջավայրում, միջավայրից դուրս, իր մենության մեջ…»,- ներկայացնելով բանաստեղծի ստեղծագործությունները՝ նշեց գրականագետ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը:
«…Բայց ես ամու՛ր եմ կանգնել իմ տեղում՝
Խորշակների դեմ անպա՛րտ ու անբի՛ծ,
Իմ հայրենիքն է ինձնից հեռանում,
Ես չե՛մ հեռանում իմ հայրենիքից…»:
Հաջորդիվ հեղինակի հերթական գրքերի լուսընծայման առիթով շնորհավորանքի և նրա ստեղծագործական գործունեության վերաբերյալ դրվատանքի խոսքերով հանդես եկան բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Հովեյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը, բանաստեղծ, թարգմանիչ Ներսես Աթաբեկյանը, բանաստեղծուհի, թարգմանչուհի, հրապարակախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Կարինե Աշուղյանը, ԵԿՄ վարչության անդամ Սուսաննա Պետրոսյանը, ասմունքող Թագուհի Ղազարյանը, աշխարհի հայ նկարիչների համանախագահ Ղազար Միրզոյանը, գրքերի հրատարակման հովանավոր Գագիկ Հարությունյանը և այլք: ԵԿՄ վարչության փոխնախագահ Օհան Գևորգյանը «Երկրապահ» կամավորականների միության վարչության անդամների և ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի անունից ողջունեց և շնորհավորեց բանաստեղծին՝ հանձնելով «Երկրապահ 25-ամյակ» հոբելյանական մեդալը: Երաժշտական կատարումներով հանդես եկան շվիահար Քերոբ Ասլանյանը և երգիչ, երգահան Արսեն Համբարյանը: Հեղինակի պոեզիայի նմուշներից ներկաներն ունկնդրեցին ցերեկոյի հանդիսավարի՝ դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանի, ընթերցմամբ:
«…Լապտերները երերուն
Ո՞վ շարել վերևում,
Պապի՛կ, այս լեռը պոկի՛ր,
Արևը չի երևում:
Լուսինն անձեռ ու անոտ
Ո՞նց է երկինք բարձրանում,
Արի գնանք նրա մոտ
Այստեղ շա˜տ եմ ձանձրանում…»:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են