Ֆիրա Ակյանի գրքերի ներկայացում


    «…Ամեն նոր հեքիաթ, երգ, բանաստեղծություն գրելիս աչքիս են գալիս մանկավարժական քսանհինգ տարիների ընթացքում ինձ հանդիպած երեխաների քնքուշ, միամիտ ժպիտները, երբեմն էլ խռովկան հայացքներն ու նրանց ներաշխարհի նրբին ապրումները: Դա ինձ միշտ ուժ է տվել ապրելու և արարելու: Գրում եմ հեքիաթներ, երգեր, պիեսներ, պատրաստում եմ տիկնիկներ, որոնք, երբեմն ինձ թվում է՝ կենդանություն են առնում և զրուցում, վիճում և խաղում են ինձ հետ…
Փորձում եմ օտար ափերում երեխաներին օգնել՝ սիրելո՛ւ և պահպանելո՛ւ հայոց լեզուն, վաղ հասակից հասկանալու և գնահատելու հայ գիրքը, ընթերցանության արվեստը:
Իմ մանկական մոլորակում գերիշխում է հայրենասիրության ոգին, հարգանքը ծնողի և քնքշանքը միմյանց, բնության և կենդանիների հանդեպ…»:
Ֆիրա Զեֆա Ակյան
Մարտի 10-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ սփյուռքահայ գրող, մանկագիր, երգահան, մանկավարժ ու տիկնիկագործ Ֆիրա Ակյանի գրքերի ներկայացումը: Ներկա էին գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ Թորոս Թորանյանը, բնախույզ, գրող, լրագրող Սուրեն Հայրապետյանը, բազմաթիվ ընթերցողներ, աշակերտներ, մշակույթի և հասարակական գործիչներ, հյուրեր:
Հանդիսության բացումը երաժշտական կատարմամբ ազդարարեց քանոնահարուհի, Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սան Ելենա Թորոսյանը (դասատու՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյան)՝ Աղավնի Հովհաննիսյանի նվագակցությամբ:
Միջոցառումը հագեցած էր բազմաթիվ մանկական թատերական ներկայացումներով, երաժշտական ու պարային կատարումներով: Հանդես եկան «Իսահակյան թատերախումբը»՝ Ֆիրա Ակյանի «Հայկական մառան» հեքիաթի հիման վրա բեմադրված ներկայացմամբ՝ գեղարվեստական ղեկավար Մարիամ Հակոբյան, «Ժամացույց» և «Չարաճճի մկնիկը» երաժշտական ներկայացումներով՝ «Զատիկ» մանկապատանեկան վոկալ խմբի սաները՝ գեղարվեստական ղեկավար Լիլիթ Համբարձումյան,Փարաքարի Հովիկ Էդգարյանի անվան արվեստի դպրոցի «Կարանի» ավանդական երգ ու պարի համույթը՝ ազգագրական երգեր ու պարերով, գեղարվեստական ղեկավար Ալ. Էքնոս, «Ամեն ինչ կարող եմ» բեմականացմամբ՝ «Ա-8+» թատերախումբը՝ գեղարվեստական ղեկավար Զաբելա Աբելյան: Ողջույնի խոսքով հանդես եկան գրող, ԱՄՆ գրողների միության անդամ Մելսիդա Հակունցը, Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը, բանաստեղծուհի Լենա Հարությունյանը, հեքիաթագիր Մերի Սահակյանը և այլք: Միջոցառումը վարում էր դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են