Շրջայց Իսահակյանի գրադարանում


    Փետրվարի 17-ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Իսահակյան գրադարանում հյուրընկալվեցին Երևանի թիվ 186 հիմկանան դպրոցի 2-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Սուսաննա Օհանյանի ուղեկցությամբ: Աշակերտները շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան գրադարանից օգտվելու կանոններին, իրականացվող աշխատանքներին, տեղեկացվեցին կազմակերպվող դասընթացների, ակումբների մասին: «Ամերիկյան կենտրոն» բաժնում ծանոթացան նորագույն տեխնիկային՝ եռաչափ տպիչին, եռաչափ գրիչին, որոնց միջոցով պատրաստեցին տարբեր առարկաներ: Այնուհետև ԿԳ-ի «Մանկական գրականության բաժնում» նրանց դիմավորեց բաժնի վարիչ Արմինե Պետրոսյանը: Երեխաները ներկայացրեցին Թումանյանի «Շունն ու կատուն» բալլադը, որից հետո Արմինե Պետրոսյանը ընթերցեց դրամատուրգ, արձակագիր, երգիծաբան Սամվել Խալաթյանի «Կատվի դատը» հեքիաթը, ապա նրանց հետ խաղաց հայկական ժողովրդական խաղ՝ « Հանելուկախաղ», որից հետո երեխաները երգեցին Մարտին Յորգանցի «Այբ բեն գիմ» երգը: Վերջում բաժնի վարիչը դասղեկին և աշակերտներին հանձնեց նվերներ ՝ գրքի և էջանշանի տեսքով` դասարանական գրադարանը համալրելու համար: Անմոռանալի օր անցկացնելուց հետո մեր հյուրերը մեծ դժվարությամբ հեռացան գրադարանից՝ վերադառնալու ակնկալիքով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են