Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձև» մատենաշարի շնորհանդես


    ...Եթե վեր նայեք ու տեսնեք երկնագույն երկնքում թևածող ճերմակաբաշ ամպերի խաղը, նրանց փոխակերպումների մեջ կհայտնվի բոլոր այն օրհնյալների հետագիծը, որոնք մեկտեղվելով դառնում են զորախումբ՝ արդարության հաղթանակ բերող զորախումբ, որը շանթի որոտով փշրելու է անարդարության կարծր պատնեշը, որպեսզի ամենակարողի արարած ու կերտած մարդն իր երկրային կյանքն ապրի արարելու և ոչ կործանելու համար...
Գոհար Մարտիկյան
20-րդ դարավերջի հայ հերոսներից շատերին ու նրանց սխրանքի պատմությամբ սնված ու զորացած հայ անմահ հերոսների հիշատակին է ձոնված պատմական, գեղարվեստական և վավերական բազմահատոր «Ապրելու բանաձև»մատենաշարի 10-րդ հատորը, որպես պատգամ սերունդներին ,որպես հնչեղ շեփոր՝ ՀԱՐԱՏԵՎՈՒԹՅԱՆ:
Աստվածապարգև իր հողից ուժ առած հայը կերտեց արցախյան ազատամարտի հաղթանակն ու պատգամ թողեց սերունդներին՝ արդարության իրական ու վերջնական հաղթանակը կերտելու համար պահպանել ազատատենչ ոգին:
Հունվարի 23-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում մեկտեղվել էին տխրությունն ու հաղթական ոգին: Ռադիոլրագրող, հրապարակախոս Գոհար Մարտիկյանը ներկայացրեց իր «Ապրելու բանաձև » պատմավավերագրական մատենաշարի 10-րդ հատորի շնորհանդեսը, որը նվիրված է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տղաներին, ինչպես նաև արցախյան պատերազմում զոհված Սիսիանի տարածաշրջանի հերոսներին: Գրքի շնորհանդեսին ներկա էին զոհված զինծառայողների ծնողները, մտերիմները և բազմաթիվ հյուրեր, ընթերցողներ: Մինչ դահլիճ հասնելը՝ Իսահակյան գրադարանի տեսասրահում ցուցադրվում էր ապրիլյան պատերազմի հերոսների լուսանկարները՝ ֆիլմաշարի տեսքով։ Նախքան միջոցառման սկսվելը՝ դահլիճում թևածում էր մաքառող հայի ոգին: Հեռուստաէկրանին պտտվում էր «Ապրելու բանաձև» տեսաֆիլմը, որն իր մեջ ընդգրկում է հայ ժողովրդի ողջ պատմությունը:
Շնորհանդեսի վարող, «Կանանց հանրապետական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Աիդա Թոփուզյանը ներկայացնելով մատենաշարը՝ նշեց.- «Թշնամու առաջ կանգնած էր անկախության սերունդը, որոնց կրթել և ձևավորել էր արցախյան ազատամարտի ոգին: Սերունդ, որը կյանքի գնով հետ մղեց թշնամուն»:
Գրքի շնորհանդեսին ներկա լրագրող, Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանը հիշեց խորհրդային տարիների քարոզչական մի կարգախոս՝ «Հայրենիքը պետք է ճանաչի իր հերոսներին», ապա ասաց. «Կարծում եմ՝ առավել քան արդիական է այսօր, քանի որ մեր ամեն հաղթանակ, ձեռքբերում ունի իր մարմնավորումը, անձնավորումը, մարդկային պատմությունը»: Ա. Սաղաթելյանի ցանկությունն է, որպեսզի այս գիրքը լինի վերջինը, մյուս հատորներում արդեն անդրադարձ կատարվի ներկայիս, միգուցե ապագա հերոսներին: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր Հովակիմյանը նշեց, որ հնարավոր չէ առանց հուզմունքի խոսել գրքի մասին: «Մատենաշարի յուրաքանչյուր տողում սեր, պարծանք, հպարտություն կա: Ցանկանում եմ, որ Գոհար Մարտիկյանը կանգ չառնի և անդրադառնա նաև մերօրյա կենդանի հերոսներին»:
Հաջորդիվ ելույթներով հանդես եկան բանասիրական գիտությունների թեկնածու, « Մուսալեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարան »-ի տնօրեն Դավիթ Մկր Սարգսյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի անդամ, ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից շնորհվող դրամաշնորհային ծրագրի համակարգող Գայանե Մանուկյանը, Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Հովհաննես Պապիկյանը, հատուկ նշանակության գնդից Գրիշա Վարդումյանը, լրագրող Դավիթ Սարգսյանը, « Կանանց հանրապետական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահության անդամ Երանուհի Կարապետյանը, «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը:
Ներկաներին ողջունեցին Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի Աշոտ Չախոյանի անվան դասարանի սաներ Գոհար Նալբանդյանը, Րաֆֆի Մոմջյանը, Դավիթ Խաչատրյանը և դպրոցի ասմունքի խմբակի ղեկավար Գոհար Հակոբյանը: Փոքրիկ շնորհալի քանոնահարուհին՝ Քրիստինե Ենգոյանը, փոխեց դահլիճում տիրող հուզիչ մթնոլորտը՝ կատարելով Սայաթ-Նովայի «Էշխեմեդ» ստեղծագործությունը, /դասատու՝ պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյան/: Դերասանուհի Գայանե Սամվելյանի ներկայացմամբ ՝ներկաներն ունկնդրեցին «Ապրելու բանաձև » մատենաշարի առաջաբանը և Աշոտ Չախոյանին նվիրված բանաստեղծությունը:
Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան ազատամարտի հերոսների հիշատակը:
Ամփոփելով շնորհանդեսը հեղինակը նշեց.-«Ոչինչ երբևէ չի կարող մոռացվել, քանի որ այնպիսի կյանքեր են նվիրաբերվել հայրենիքի ազատագրությանն ու այս փոքր հողի պահպանությանը, որ նրանց մոռանալը, նրանց սխրանքը չհիշատակելը, նրանց չմեծարելն առնվազն դավաճանություն կլինի սեփական անձի նկատմամբ: Որպեսզի մենք չդավաճանենք մեր անձերին, հայի մեր տեսակին, պետք է հիշենք նրանց»:
Վերջում Գոհար Մարտիկյանը հերոսների հարազատներին նվիրեց «Ապրելու բանաձև »մատենաշարի նոր հրատարակությունը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են