Լուսին Ղազարյանի երկրորդ՝ «Սեր թևերս» գրքի շնորհանդես


    Թևերս տուր՝ գնամ,
Թող որ լինեմ ճնճղուկ,
Ու թող ապրեմ շուրթիդ՝
Որպես կապույտ հեքիաթ:
Հունվարի 20- ին Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ բանաստեղծ, լրագրող Լուսին Ղազարյանի երկրորդ՝ «Սեր թևերս» գրքի շնորհանդեսը:
Հեղինակի պոեզիան սիրո թևերով ընթերցողներից շատերին ուղղորդում է վեհ թռիչքների, դեպի անուրջների երկինք: Հանդիսությանը ներկա էին բազմաթիվ պատվավոր հյուրեր` մտավորականներ, արվեստագետներ, ազատամարտիկներ, ԵԿՄ անդամներ և Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Բացման և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, ով ողջունեց ներկաներին և շնորհավորեց ինքնատիպ բանաստեղծուհուն՝ նորաստեղծ գրքի ծննդյան առթիվ: Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, ով նաև Լուսինե Ղազարյանի գրքի խմբագիրն է, ներկայացնելով ստեղծագործությունները նշեց. «Սա նոր ոճ է ու նոր խոսք... Բախտավորություն է՝ լինել այսպիսի գրքի խմբագիր, քանի որ կարդում ես գիրքը ու տաք շունչ է գալիս դեմքիդ»: Հեղինակին շնորհավորելու էր եկել նաև Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Խոսելով գրքի մասին՝ նա ասաց. -«Մեր երկիրը ֆինանսների կարիք չունի, այլ սիրո և հույսի կարիք ունի : «Սեր թևերս» ժողովածուն կդառնա շատերի սեղանի գիրքը »: ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատու վարչության կողմից Լուսինեին հանձնեց «Եռասերունդ երկրապահ» մեդալ: <<Լուսինեն որպես լրագրող հաճախակի է լինում դիրքերում, հանդիպում զինվորների ու սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ: Նա սահմանին է եղել նաև ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ>>,- նշեց Վարդան Վարդանյանը :
Հաջորդիվ ելույթներով հանդես եկան ԱՍԱԼԱ-ի վետերան, <<Վան >> գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը, Էջմածնի Մայր Տաճարի քահանա Տեր Մկրտիչ աբեղա Կարապետյանը, գրականագետ Արմեն Ավանեսյանը, գրող իրավապաշտպան Հայկազ Մակարյանը, հասարակական քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը, մանկագիր Սաթենիկ Ղազարյանը և այլոք:
Երաժշտական կատարումներով ներկաներին ողջունեցին ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ռազմար Սասունցին , օպերային տենոր Գևորգ Հաճեանը, լրագրող Հասմիկ Բալյանը՝ «Կռունկ» երգով և Լուսինե Ղազարյանի որդին՝ Արայիկը, ով գրքի բանաստեղծություններից մեկի հիման վրա գրել էր երաժշտություն, որը կատարեց կիթառի նվագակցությամբ:
Ներկաներն ունկնդրեցին նաև հեղինակի ստեղծագործություններից՝ դերասանուհի Գայանե Սամվելյանի, լրագրող Զեփյուռ Սարդարյանի և այլոց ներկայացմամբ:
Ամփոփելով շնորհանդեսը ՝ հեղինակը շնորհակալություն հայտնեց միջոցառման մասնակիցներին և Ավ. Իսահակյանի անվան գրադարանի տնօրինությանը: «Ինձ համար կյանքում ամենակարևորը ծնունդն է: Կյանքում երեք արարում, ծնունդ եմ ունեցել՝ որդուս և երկու գրքերիս: Վերջին այս գիրքս բաղկացած է երեք մասից «Սեր թևերս», «Գրավադրված երջանկություն» և «Իմ հասցեն՝ Մոռացում»: Ինչո՞ւ գրավադրված երջանկություն, քանի որ մարդիկ շատ հաճախ իրենց զգացմունքները զոհաբերում են կյանքում տեղի ունեցող իրական երևույթներին»,-ասաց Լուսինե Ղազարյանը:
Հանդիսությունը վարում էր բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են