Հանդիպում սերբ գրողների հետ


    Դեկտեմբերի 20-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում սերբ գրողների հետ և Վեսելին Ջելետովիչի «Յոհանի սերբական սիրտը» գրքի շնորհանդեսը: Գրքի սերբերենից-հայերեն թարգմանությունն իրականացրել է բանաստեղծուհի, թարգմանչուհի Անուշ Բալայանը, ով շուրջ 20 տարի ապրել և ստեղծագործել է Սերբիայում: Հանդիսությանը ներկա էին բազմաթիվ ընթերցողներ, մշակույթի գործիչներ, հյուրեր: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը: Սերբ գրողներ Հումանիստական գիտությունների դոկտոր Լուկա Յոկսիմովիչին և Դրագիշա Գաբորովիչին ներկայացրեց բանասեր, հայագետ, կինոգետ, պատմաբան, բառարանագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանը: Նա խոսքում նշեց, որ հայ և սերբ ժողովուրդները, ինչպես պատմական անցյալով, այնպես էլ ճակատագրով իրար նման են: Նրա խնդրանքով դերասանուհի Գայանե Սամվելյանն ընթերցեց գրքի հեղինակի՝ Վեսելին Ջելետովիչի ուղերձը.
«Թանկագին բարեկամներ, չեմ կարող նկարագրել երջանկության այն զգացումը, որն առաջացրել է Հայաստանի մայրաքաղաքում «Յոհանի սերբական սիրտը» գիրքը ներկայացնելու իրողությունը: Բավականությունն առավել մեծ է, քանզի գիտեմ, որ սերբերի տառապանքի այս վկայումն այսօր կլսի մի ժողովուրդ, որը սրտակցում և հասկանում է մեզ, քանի որ եղեռն է ապրել և որի հանդեպ առավել դաժան հանցանք է գործվել, քան այն, որը նկարագրված է այս գրքում: Մի ժողովուրդ, որը գիտի, թե ինչ է նշանակում, երբ ավերում են նրա վանքերն ու եկեղեցիները, երբ տեղահանում են նրան իր դարավոր օջախից, երբ բռնի հավատափոխ են անում, խլում լեզուն ու գիրը…»:
Լուկա Յոկսիմովիչը Սերբիայի գրողների միության անդամ է: Գիտական և հրապարակախոսական հոդվածներ, հարցազրույցներ, թարգմանություններ և գրական աշխատանքներ է հրատարակել հայկական և արտասահմանյան ամսագրերում: «Ակցիա կույրերի համար» և «Սուրբ Ստեֆան Դեչանսկի» միությունների նախագահն է, ինչպես նաև՝ Կույր և թույլ տեսնող անձանց սիրողական թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
-Հայ ազգը մեզ շատ նման է և՛ մշակույթով, և՛ պատմական ճակատագրով…,- իր խոսքում նշեց Լուկա Յոկսիմովիչը:
Դրագիշա Գաբորովիչը ճանապարհորդ է, գրականության, երաժշտության, ասմունքի նվիրյալ, բնության սիրահար: Նա եղել է Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի ավելի քան քսան երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: Այդ ճանապարհորդություններից են ծնվել շատ ուղեգրություններ և լրագրային հոդվածներ, որոնք տպվել են Սերբիայի կույրերի միության և այլ աուդիո ձայնագրություններում և բրայլյան տպագրությունում: Հանդիսատեսին բազմախառն հույզեր ու զգացմունքներ համակեց, երբ Լուկա Յոկսիմովիչը՝ կիթառի հնյունների ներքո, հայերեն լեզվով կատարեց «Մարտիկի երգը»: Հաջորդիվ հայերեն լեզվով «Ո՜վ, սիրուն, սիրուն» երգի կատարումով հանդիսատեսին անակնկալ մատուցեց Դրագիշա Գաբորովիչը: Ներկաներն իրենց հիացմունքն արտահայտեցին ջերմ ծափողջույններով և երախտիքի խոսքերով:
Անուշ Բալայանը՝ ներկայացնելով «Ակցիա կույրերի համար» միության գործունեությունը, նշեց, որ թարգմանության գաղափարը իր մոտ ծագել է այն ժամանակ, երբ ընթերցել է Մկրտիչ Սարգսյանի «Հայերենի հերթական դասը» պատմածքը և դրանից ստացած տպավորությունները որոշել է կիսել սերբ ժողովրդի հետ: Իսկ «Յոհանի սերբական սիրտը» պատմվածքի թարգմանութամբ ցանկացել է հայ ընթերցողին ներկայացնել սերբերի, ոչ հեռավոր անցյալի, զարհուրելի դրվագներից մեկի գեղարվեստական շարադրանքը:
Հայ-սերբական դարավոր բարեկամական կապերի մասին ելույթով հանդես եկավ բանաստեղծ Արտաշես Ղազարյանը և շնորհակալություն հայտնեց Իսահակյան գրադարանին նմանատիպ կարևոր միջոցառումներ կազմակերպելու համար…
Շնորհանդեսի ավարտին, ամփոփիչ խոսքի փոխարեն, սերբ գրողները կատարեցին երգեր իտալերեն, ֆրանսերեն, ինչպես նաև մայրենի ՝ սերբերեն լեզվով …

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են