Գրքի շնորհանդես


    Նոյեմբերի 25-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Սփիւռքահայ քաղաքական հոսանքներն ու գաղութները. խորհրդային գաղտնի փաստաթուղթերու մէջ» (1945-1991, ընտրանի) գրքի շնորհանդեսը: Ժողովածուն կազմել, թարգմանել, ծանոթագրել և խմբագիրել է պատմաբան Գևորգ Յազըճյանը: Հանդիսությանը ներկա էին Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը, հասարակական և մշակույթի գործիչներ, ընթերցողներ և հյուրեր։
Ժողովածուի մեջ տեղ են գտել սփյուռքահայ քաղաքական հիմնական ուղղությունների և գլխավոր գաղութների (Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, Իրան, Ֆրանսիա, ԱՄՆ և այլն) վերաբերյալ շուրջ 90 փաստաթղթեր, որոնց զգալի մասը լույս է տեսել առաջին անգամ, իսկ մեծ մասը՝ առաջին անգամ հայերեն թարգմանությամբ։
Գիրքը նախատեսված է պատմաբանների, հայկական քաղաքական հոսանքների և գաղութների, Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների պատմությամբ հետաքրքրվողների, պատմական ճշմարտությանը հետամուտ և իրենց ազգի ներկայով ու ապագայով մտահոգ բոլոր հայերի համար։ «․․․Փաստաթուղթերուն մեծամասնութիւնը կը կրէ «գաղտնի» նշումը, որոնք՝ նոյնիսկ «յոյժ գաղտնի» նշումը։ Շարք մը փաստաթուղթեր, որոնք հրապարակուած են «Բանբեր Հայաստանի Արխիւներ»ի մէջ, այդ նշումը թէեւ չեն կրեր հրատարակութեան աղբիւրին մէջ, սակայն անոնց բնագիրներուն մեծ մասը, վստահաբար, նոյն՝ «գաղտնի» նշումով խումբին կը պատկանի, քանի որ խորհրդային ժամանակաշրջանին, պետական եւ կուսակցական վերին մարմիններու փաստաթուղթերն առհասարակ կը կրէին գաղտնիութեան զանազան աստիճաններ բնորոշ նշումներ:… »
Գէորգ Եազըճեան
Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ հասարական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը, ով ներկայացնելով ժողովածուն, տեղեկացրեց, որ գիրքը կարելի է ձեռք բերել գրախանութներից:
Բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտ Խաչատրյանը նշեց,- «Գևորգ Յազըճյանի նկարագրությամբ կարելի է պարզապես տեսնել արխիվային փաստաթղթերը՝ անհայտ ու հայտնի մարդկանց ստորագրություններով, վրիպակներով, նա զրուցում է ընթերցողի հետ…»:
Հաջորդիվ ներկաներին իր ողջույնը հղեց գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ Թորոս Թորանյանը:
Հանդիսությունը շարունակվեց հարց-պատասխան ձևաչափով. հանդիսատեսը իրեն հուզող հարցերը ուղղեց Գևորգ Յզաըճյանին և ստացավ սպառիչ պատասխաններ:
-Եկեք այսուհետ ծառայենք միայն և միայն հայկական շահերի համար…,- ամփոփելով ցերեկոն, նշեց Գևորգ Յազըճյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են