«Նռան հատիկ»2016


    Հոկտեմբերի 31-ը երեխաների համար կրկնակի տոն էր. սկսվեցին աշնանային արձակուրդները, միևնույն ժամանակ Անանիա Շիրակացու անվան ճեմարանի դահլիճում մեկնարկեց ‹‹Նռան հատիկ›› հանրապետական մանկապատանեկան թատերական 16-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված էր ՀՀ Անկախության 25-ամյակին: Ճեմարանում տոնական իրարանցում էր, բոլորը շնորհավորում էին միմյանց՝ փառատոնի առթիվ: «Նռան հատիկի» կազմակերպիչները դիմավորում էին հյուրերին՝ դպրոցականներին, ծնողներին, տատիկներին ու պապիկներին: Հանդիսատեսը հոտնկայս լսեց Հայաստանի Հանրապետության հիմնը, որից հետո դիտեցին ‹‹Նռան պարը››, այնուհետև ‹‹Նախաբեմ›› կրթամշակութային ասոցիացիայի նախագահ Գարիկ Ղազարյանը ողջունեց հանդիսատեսին և փառատոնի կազմակերպիչներին՝ ընթերցելով ‹‹Նախաբեմ›› կրթամշակութային ասոցիացիայի պատվավոր նախագահ, դերասան, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանի ուղերձը թատերասեր մանուկներին և պատանիներին: Ներկայացվեց փառատոնի 15 տարիների ֆոտոպատումը, որից հետո փառատոնի նախագահ Արուսյակ Մանթաշյանը ողջունեց «Նռան հատիկի» հնաբնակներին, ներկայացրեց 5 նոր թատերախմբերի և ընթերցեց ‹‹Նռան հատիկ›› փառատոնի երդման տեքստը, ապա հնչեց փառատոնի հիմնը՝ ‹‹Թատրոն›› երգը: Հանդիսատեսի ծափողջյունների ներքո՝ բացվեցին բեմի վարագույրները և ներկաներին տեղափոխեցին հեքիաթների կախարդական աշխարհ:
‹‹Նռան հատիկ››-ը շարունակվում է………
Փառատոնի կազմակերպիչներն են .
«Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիան
Երևանի ‹‹Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը››
«Անանիա Շիրակացու անվան կրթահամալիրը»

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են