Շրջայց գրադարանում


    Հոկտեմբերի 27-ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Իսահակյան գրադարանի հյուրերն էին Շահամիր Շահամիրյան վարժարանի երրորդ դասարանի աշակերտները` դասղեկ Հայկուհի Բունիաթյանի ուղեկցությամբ: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ, տեղեկացվեցին կազմակերպվող դասընթացների մասին: «Ամերիկյան կենտրոն» բաժնում աշակերտներին ներկայացվեց եռաչափ տպիչը, եռաչափ գրիչը և ցույց տրվեց, թե ինչպես կարելի է այդ սարքերի միջոցով ստանալ տարբեր առարկաներ, ստացված առարկաները նվիրվեցին երեխաներին: ԿԳ-ի «Մանկական բաժնում» նրանք գրանցվեցին՝ համալրելով գրադարանի ընթերցողների ցանկը և ստացան ընթերցողական տոմսեր: Այնուհետև բաժնի վարիչ Արմինե Պետրոսյանը նրանց ծանոթացրեց մուլտիպլիկատոր, ռեժիսոր Գայանե Մարտիրոսյանի հեղինակած «Վիշապագորգ» մուլտֆիլմի հետ, որից հետո երեխաները դիտեցին այն: Մեծ ոգևորությամբ նրանք երգեցին, արտասանեցին և կատարեցին «Առածանի» և «Հանելուկախաղ» հայկական ժողովրդական խաղերը: Ապա շրջեցին և լուսանկարվեցին «Իսահակյան պուրակ»ինտերնետային ընթերցարանում: Վերջում ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը դասղեկին և աշակերտներին հանձնեց նվերներ ՝ գրքի տեսքով` դասարանական գրադարանը համալրելու համար: Անմոռանալի օր անցկացնելուց հետո աշակերտները հեռացան գրադարանից՝ նորից վերադառնալու ակնկալիքով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են