Շրջայց գրադարանում


    Հոկտեմբերի 21-ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները՝ իրենց դասղեկ Ռուզան Կարախանյանի և ծնողների ուղեկցությամբ: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ, տեղեկացվեցին կազմակերպվող դասընթացների մասին: «Ամերիկյան կենտրոն» բաժնում աշակերտներին ներկայացվեց եռաչափ տպիչը, եռաչափ գրիչը և ցույց տրվեց, թե ինչպես կարելի է այդ սարքերի միջոցով ստանալ տարբեր առարկաներ, ստացված առարկաները նվիրվեցին երեխաներին: ԿԳ-ի «Մանկական բաժնում» նրանք գրանցվեցին՝ համալրելով գրադարանի ընթերցողների ցանկը և ընտրեցին գրքեր՝ տանը ընթերցելու նպատակով: Գրադարանի դահլիճում կազմակերպվեց հանդիպում լրագրող, դերասան, մանկավարժ, ռեժիսոր, «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիայի նախագահ Գարիկ Ղազարյանի հետ, ով ողջունելով աշակերտներին՝ տեղեկացրեց «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 16-րդ փառատոնի մասին, որը տեղի կունենա աշնանային արձակուրդին: Երեխաների սերը դեպի թատրոն արտահայտվեց անմիջապես իրենց ինքնաբուխ ելույթով: Նրանք հանպատրաստից բեմականացրին Թումանյանի հեքիաթներից… Վերջում ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը դասղեկին և աշակերտներին հանձնեց նվերներ ՝ գրքի տեսքով` դասարանական գրադարանը համալրելու համար: Անմոռանալի օր անցկացնելուց հետո աշակերտները հեռացան գրադարանից՝ նորից վերադառնալու ակնկալիքով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են