Կարեն Սիրունյանի «Վերջալույսի շողեր» գրքի շնորհանդես


    …Հորդառատ անձրև, քամին պարում է,
Հպվում է աշնան նուրբ տերևներին,
Իմ հոգում նորից ծաղկած գարուն է,
Բայց արտասվում է լացող ուռենին…
Կարեն Սիրունյան
Հոկտեմբերի 18-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրնկալ դահլիճը վերածվել էր աշնանային գունագեղ գրական-սրճարանի: Ընթերցասեր հասարակայնությունը հավաքվել էր ողջունելու բանաստեղծ Կարեն Սիրունյանի «առաջնեկի»՝ «Վերջալույսի շողեր» բանաստեղծական ժողովածուի, լույս աշխարհ գալը: Ներկա էին գրականագետներ, գրաքննադատներ, հյուրեր:
Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ գրքի խմբագիրը՝ Հրանտ Վաղարշյանը.
-Բանաստեղծական խոսքի ինքնատիպ դրսևորումներով, նուրբ, հուզումնառատ քնարականությամբ և ամպաճույճ գրելաոճով՝ Կարեն Սիրունյանը ընթերցողին է ներկայանում մտքի և խոսքի պարզությամբ ու մաքրությամբ: Բանաստեղծի ստեղծագործական ներաշխարհը բազմաբնույթ է ու բազմաբովանդակ: Կարդալով նրա ստեղծագործությունները ասես մուտք ես գործում նրա հոգևոր ներաշխարհը…,-նշեց նա:
Ավարտելով խոսքը՝ Հրանտ Վաղարշյանը հեղինակին մաղթեց ստեղծագործական հաջողություններ և գեղարվեստական խոսքի նոր լուսավոր ճառագումներ… Հեղինակի պոեզիայի նմուշները ներկաներն ունկնդրեցին դերասանուհի Գայանե Սանվելյանի, բանաստեղծուհի Լենա Հարությունյանի, «Հերացի» ավագ դպրոցի ուսուցիչ Նորա Նարինյանի, դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանի, իրավաբան, գրող Հայկազ Մակարյանի ընթերցմամբ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, մանկավարժական գիտությունների դոկտոր, լեզվաբան Ռոմա Դալլաքյանը անդրադարձավ ընտանիքի կարևորությանը ազգապահպանման գործում, որտեղ իշխում է բացարձակ սերը և գնահատանքի արժանացրեց այն, որ հեղինակի ստեղծագործություններում գերիշխում են հատկապես տատ, մայր, հայր, երեխա թեմաները…
…Երբ կլինես հուսահատ,
Երբ կլինես շատ տխուր,
Միշտ էլ կա մի սիրող սիրտ,
Որ քեզ հետ է ամենուր:
Մոր սիրտն է, որ շատ քնքուշ,
Ամեն բարիքից անուշ,
Շունչ է տալիս կենարար
Անուրջներին իմ անմար…
Կարեն Սիրունյան
Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան գրքի սրբագրիչը՝ բանաստեղծ Արմենակ Ղազինյանը, բանաստեղծ, մանկավարժ, թարգմանիչ Նիկոլայ Շահնազարյանը և այլոք:
Երաժշտական կատարումներով ներկաներին ողջունեցին երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը և «Հերացի» ավագ դպրոցի 10-րդ դասարանի սանուհի Անի Նալբանդյանը:
Ամփոփելով երեկոն հեղինակը նշեց, որ գիրքը նվիրել է իր տատի՝ Նուշիկ Ղուկասի Սիրունյանի, պայծառ հիշատակին. «Ես հպարտ եմ իմ տատով… Նա ինձ համար մեծ գաղափարախոսություն է: Իմ կյանքում տատս մեծ ներդրում է ունեցել. իմ դաստիարակությունը, իմ հոգևոր ներաշխարհը, իմ մտածելակերպը նա է ձևավորել …»:
Գրական-սրճարանը շարունակվեց հեղինակի մակագրած գրքերի նվիրատվությամբ…․։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են