Շրջայց գրադարանում


    Հոկտեմբերի 13-ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները՝ իրենց դասղեկ Սյուզան Իսկանդարյանի և ծնողների ուղեկցությամբ: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ: « Ամերիկյան կենտրոն» բաժնում աշակերտներին ներկայացվեց եռաչափ տպիչը, եռաչափ գրիչը և ցույց տրվեց, թե ինչպես կարելի է այդ սարքերի միջոցով ստանալ տարբեր առարկաներ: Գրադարանի դահլիճում երեխաները ծանոթացան ԿԳ-ի «Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների» բաժնի կողմից իրականացվող «Վերականգնենք հայկական ժողովրդական խաղեր» ծրագրին, սովորեցին և խաղացին խաղեր՝ «Համրախաղ», «Առածանի» և X-Box համակարգչային խաղը: Բացի այդ, նրանք ստացան նաև հանձնարարություն ինքնուրույն հանդես գալ բանահավաքի դերում, տատիկ-պապիկներից իմանալ և գրառել իրենց մանկության խաղերը: Վերջում ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը դասղեկին և աշակերտներին հանձնեց նվերներ ՝ գրքի տեսքով` դասարանական գրադարանը համալրելու համար: Անմոռանալի օր անցկացնելուց հետո աշակերտները հեռացան գրադարանից՝ նորից վերադառնալու ակնկալիքով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են