Լևոն Ազրոյանի «Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի» գրքի շնորհանդես


    Սեպտեմբերի 30-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ գրող, լրագրող Լևոն Ազրոյանի «Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի» գրքի շնորհանդեսը: Օրը պատահական չէր ընտրված. սեպտեմբերի 30-ը Հայաստանի քաղաքացիական ավիացիայի օրն է, իսկ գիրքը նվիրված է հենց «Արարատ Ավիա» ընկերության հերոս օդաչուներին: Հանդիսությանը ներկա էին ընթերցողներ, լրագրողներ, Մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի չորրորդ կուրսի կուրսանտները և այլոք:
Գրքում տեղ են գտել արցախյան պատերազմի տարիներին մեր օդաչուների աննախադեպ սխրագործությունները, ինչպես նաև զոհված սավառնորդների անվեհեր ծառայությունը հայրենիքին: Օդաչուներն իրենց կյանքը վտանգելով, Արցախի մարտնչող ժողովրդին էին հասցնում անհրաժեշտ ամեն ինչ՝ սննդամթերք, դեղորայք, զինամթերք, հեղուկ վառելիք: Եվ, որ ամենակարևորն էր, ազատամարտիկներ ու վիրավորներ էին փոխադրում: Գրքի հերոսները ծնվել են թռչելու համար և չեն պատկերացրել կյանքն առանց աստղամերձ հորիզոնների: Նրանք անմնացորդ ծառայել են հայրենիքին, նպաստել երկրի տնտեսության զարգացմանը, ամենուր բարձր են պահել հայ օդաչուի վարկանիշը:
Ղարաբաղյան պատերազմին ակտիվորեն մասնակցել են «Արարատ Ավիա» ընկերության ՅԱԿ-40 և Ան-2 ինքնաթիռները: ՅԱԿ-երը ուղղաթիռների հետ համատեղ, հերոսական աշխատանք են կատարել Սպիտակի երկրաշարժի ժամանակ: Այդ օրերին օդաչուները՝ լինի ուղղաթիռ թե ինքնաթիռ, օրական մոտ երկու տասնյակ թռիչքներ են կատարել դեպի Սպիտակ ու Լենինական, աղետի գոտու հարյուրավոր բնակավայրեր՝ երբեք հաշվի չառնելով եղանակային պայմանները, հոգնածությունը :
«Բնության և Հասարակության մասին գիտությունների» միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր, բնագիտական եվրոպական ակադեմիայի իսկական անդամ, լրագրող Սերժ Մանուկյանը հպարտությամբ նշեց, որ հայկական ավիացիան ԽՍՀՄ-ում առաջնակարգ է եղել և մեր ավիատորները որտեղ էլ, որ աշխատել են, կարողացել են ոլորտը առաջ մղել... :
Հեղինակին ողջունեցին, ստեղծագործական գործունեության վերաբերյալ գնահատանքի և շնորհակալական խոսքերով հանդես եկան լրագրող, խմբագիր Ավթանդիլ Գրիգորյանը, դերասան, հաղորդավար, լրագրող Գարիկ Ղազարյանը, պատմաբան, հասարակական-քաղաքական գործիչ, պատմական գիտությունների թեկնածու, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, Մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի ամբիոնի պետ Արթուր Բարսեղյանը, ՀՀ Քաղաքացիական ավիացիայի պատմության թանգարանի զարգացման պատասխանատու, նախկին օդաչու, ՀԽՍՀ սպորտի առաջին կարգի վարպետ Ռազմիկ Գասպարյանը:
-Անընդհատ վերադառնալով մեր պատմությանը՝ փաստում եմ, որ անհատ մարդկանցով է մեր ժողովուրդը հարատևել. նրանց անձնազոհության, հերոսության և հայրենապաշտության շնորհիվ,-իր խոսքում նշեց «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը,- Լևոն Ազրոյանի այս գիրքը թող դառնա մեր ազգի հիշողության հերթական հավաստիքը... Ամփոփելով հանդիսությունը հեղինակը խոստովանեց, որ ունի երեք թուլություն. «Սիրում եմ ուսուցիչներին, զինվորականներին, իսկ երրորդը՝ ավիացիան է...»
Ցերեկոյի հանդիսավարը դերասանուհի Գայանե Սամվելյանն էր:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են