Հանդիպում վրաց բանաստեղծ Գուրամ Օդիշարիայի հետ


    …Օ˜, իմ Հայրենիք,
այն ճիչերը, որ ակնթարթորեն պիտի վեր թևեն
զոհաբերության սեղանիդ մոտից,
վերադարձրու վերստին դու մեզ-
ծառի, աղբյուրի, տերևի տեսքով և առավոտի…
Գուրամ Օդիշարիա
…Գուրամ Օդիշարիան վերջին տարիներին իմ կարդացած վրացի այն բանաստեղծն է, որ հմայում է բնության բացառիկ նրբին ընկալմամբ: Բարության, գեղեցկության, մարդասիրության թրթիռներն են ելևէջում բանաստեղծական ներքին հոսքերի ինքնօրինակ բացահայտումներում… Էդվարդ Միլիտոնյան
Սեպտեմբերի 27-ին՝ «Գրական տապան-2016» միջազգային գրական փառատոնի շրջանակներում, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում վրաց բանաստեղծ, արձակագիր, հրապարակագիր Գուրամ Օդիշարիայի հետ և նրա «Չուղարկված նամակներից» գրքի (հեղինակավորված թարգմանությունը Գագիկ Դավթյանի) շնորհանդեսը: Ներկա էին լրագրողներ, ընթերցողներ, գրականագետներ, գրաքննադատներ, գրական տապանցիներ և արտերկրյա հյուրեր:
Գուրամ Օդիշարիան վրաց արդի գրականության երևելի անուններից է, շուրջ քսանհինգ գրքերի հեղինակ, ում բանաստեղծությունները, արձակ և դրամատիկական գործերը թարգմանված են տասնյակ լեզուներով. հայերեն, անգլերեն, ռուսերեն, աբխազերեն, ուկրաիներեն, իտալերեն և այլն..... Առանձին գրքով հայ ընթերցողին ներկայանում է առաջին անգամ: Հանդիսության մեկնարկն ազդարարվեց 2016-ի «Գրական տապան»-ի Նոյ Նահապետի մրցանակի հռչակմամբ, որն այս տարի հանձնվեց բանաստեղծ Ռոդոլֆո Հասլերին (Իսպանիա):
«Իվերիա» վրաց համայնքի անդամ Նինո Սանդերաշվիլու, Աննա Գարեգինյանի և Արսեն Խաչատրյանի ընթերցմամբ ներկաներն ունկնդրեցին հատվածներ հեղինակի ստեղծագործություններից:
Հայագետ, ՀՀ Վրաստանի դեսպանատան ավագ խորհրդական Նինո Ափցիաուրին ողջունեց և շնորհավորեց գրքի շնորհանդեսի առիթով և նշեց, որ գիրքը վրաց հոգու գեղեցկության, հզորության արտահայտումն է:
Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան բանաստեղծներ Խաչիկ Մանուկյանն ու Հասմիկ Սարգսյանը, բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանը, բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր, Բուլղարիայի <<Անկախ գրողների միության>> Պատվավոր անդամ Գագիկ Դավթյանը, բանաստեղծ, նկարիչ, Հայաստանի գրողների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդվարդ Միլիտոնյանը և այլոք: Շնորհանդեսի հանդիսավարը գրող, կինոգետ, «Գրական տապան» փառատոնի հիմնադիրներից Դավիթ Մաթևոսյանն էր:
Ամփոփելով երեկոն՝ հեղինակը շնորհակալություն հայտնեց ներկաներին և նշեց.
-Բոլոր քաղակական տարաձայնությունները ավելի արագ լուծում կստանան, եթե հզորացնենք մշակութային կյանքը: Մենք ՝գրողներս ,այնպես պետք է անենք, որ ժողովուրդները միմյանց ցավը հասկանան...
Երեկոյի ավարտին ընթերցողները նվեր ստացան գիրքը՝ հեղինակի մակագրությամբ :

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են