Աշոտ (Ջահակիր) Ղամբարյանի գրքերի շնորհանդես


    ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի հայ գրողների միության անդամ, բանաստեղծ Աշոտ (Ջահակիր) Ղամբարյանի «Փարոս», «Պատուհանից այն կողմ» և «Հայապատում» գրքերի շնորհանդեսը տեղի ունեցավ սեպտեմբերի 23-ին՝ Ավ. Իսահակլյանի անվան Կենտրոնական գրադարանի լեփ-լեցուն դահլիճում: …Աշոտի տողերը լի են անկեղծությամբ ու այս բարդ աշխարհի այն պարզ ճշմարտությամբ, ինչ որ բերում է ներկան իր հետ: Իրականության անմիջական ապրումներն ու խոհերն են գծագրվում տողերի մեջ ու կամաց-կամաց երանգավորում հույզը ասելիքում: Աչքերի առաջ բացվող բնության տեսարաններ՝ թախիծ ու արև, հոգու կարոտ և արդարության կարիք, խավարի հանդեպ բողոք… և լույսի անսպառ ձգտում…
…Մարդասիրական զգացումներ ու անսպառ լավատեսություն, հայրենասիրական ոգի ու ազգային պատմության ծավալուն իմացություն…հոգևոր ու մտային տեսողական այնպիսի կարողություն, որն անգամ կարող է չունենալ առողջ աչքեր ունեցող մարդը…
Նաիրա Հովհաննա
Բանաստեղծուհի
Հանդիսության սկզբում բանաստեղծի գործերը՝ հայտնի ամերիկահայ ասմունքող Նունե Ավետիսյանի կատարմամբ, հանդիսատեսն ունկնդրեց տեսաձայնագրությամբ:
Բացման և ողջույնի խոսքով, ինչպես նաև հեղինակի բանաստեղծությունների ընթերցմամբ հանդես եկավ հանդիսավարը՝դերասանուհի Գայանե Սամվելյանը: - Աշոտ Ղամբարյանի գրականությունն ունի հայրենիք, հող, ընտանիք…,-իր խոսքում նշեց դերասան, ռեժիսոր, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոևը,- նրա գրականությունն ապացուցում է, որ նա քայլում է տեսնողների, ապրողների, հայրենիք ունեցող մարդուն հավասար…: Հաջորդիվ, հեղինակին ողջունեցին, գրական գործունեության վերաբերյալ գնահատանքի և շնորհավորանքի խոսքեր հղեցին բանաստեղծ, արձակագիր, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը, խմբագիր, բանասեր Դավիթ Բաղդասարյաը, գրող-հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ Թորոս Թորանյանը, Մելանյա Պողոսյանը, Ատոմ Երեմյանը և այլոք...
Երաժշտական կատարումներով հանդիսատեսին ողջունեցին Իսահակյանի անվան հանրապետական մրցույթի դափնեկիր աշուղ Նազելին՝ հեղինակային երգով, իսկ «Դլե Յաման» ու Սայաթ-Նովայի երգերով՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սան Հովհաննես Կարապետյանը: Գրականագետ-մատենագետ, թարգմանիչ, ազգային գործիչ, հրապարակախոս, Հայաստանի գրողների միության անդամ, ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգի հայ գրողների միության փոխնախագահ Հովսեփ Նալբանդյանը՝ շնորհավորելով հեղինակին, նկատեց, որ գրողի պարտականությունը ոչ միայն գիքը հրատարակելն է, այլ նաև դրանք ծանոթացնել, տարածել ընթերցասեր հասարակայնության մեջ:
Հանդիսավարը նշեց,որ Հովսեփ և Կարոլին Նալբանդյանները հովանավորել են հեղինակի «Հայապատում» գրքի տպագրությունը: -Իսահակյան գրադարանն որդեգրել է մի քաղաքականություն , որով փորձում է ջնջել Սփյուռքն ու Հայաստանը բաժանող անջրպետները: Ոչ մեր սեփական ցանկությամբ ,բայց ճակատագրի բերումով մենք հայտնվել ենք աշխարհի տարբեր ծայրերում և մեզ միացնող, կամրջող շղթաներից կարևորագույնը հանդիսանում է գրականությունը… Թերթելով մեր պատմության էջերը ես փաստում եմ, որ մեզ հայ պահող, համաշխարհային ազգ պահող ողնաշարը մշակույթն է…, - նշեց «Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Ամփոփելով երեկոն՝ հեղինակը շնորհակալություն հայտնեց ներկաներին և ցանկացավ, որ այցը Հայաստան շարունակական լինի: Հանդիսության ավարտին հեղինակն իր ստորագրությունը թողեց գրադարանի բարեկամների սյունաշարում:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են