Հանդիպում գրականագետ Հովսեփ Նալբանդյանի հետ


    ․․․Լավ հրապարակագիրը գիտակից այն անհատն է, որ միշտ ճշմարտութիւնը կը խուզարկէ, որ ընթերցողներուն տեղեակ կը պահէ ազգային, տեղական և համաշխարհային անցուդարձերուն։ Ան կը պաշտպանէ արդարամիտ մամուլի շահերը։ Ազգային-հասարակական խնդիրներու լուծման համար անաչառ է և հետապնդող։ Կը մեկնաբանէ եղելութիւնները և կը ձգտի լաւին ու բարիին․
․․ ՅՈՎՍԷՓ ՆԱԼՊԱՆՏԵԱՆ
Գրականագետ-մատենագետ, թարգմանիչ, ազգային գործիչ, հրապարակախոս, Հայաստանի գրողների միության անդամ, ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգի հայ գրողների միության փոխնախագահ Հովսեփ Նալբանդյանի վեը նշված գրառումը տեղ է գտել նրա «Կյանքի շարունակվող շավիղներ» գրքում, որի, ինչպես նաև՝ «Հայ գիրքը Ամերիկայի մեջ», և «Սիրո մատյան» գրքերի շնորհանդեսը տեղի ունեցավ սեպտեմբերի 22-ին Երևանի Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում։ Հանդիսությունն անցավ լեփ-լեցուն դահլիճում։ Ներկա էին բազմաթիվ ընթերցողներ, մտավորականներ, գրականագետներ, գրաքննադատներ և հյուրեր արտերկրից ։
Բանաստեղծուհի, հրապարակախոս, հասարակական գործիչ Ռուզան Ասատրյանը նշեց, որ Հովսեփ Նալբանդյանի համար յուրաքանչյուր հոդված ու դիմանկար սկսվում է հայրենիքից և վերջանում հայրենիքով։ Իր բոլոր հոդվածներն ու հրապարակագրությունները նա ուղղում է հայ հասարակությանը որպես դեղատոմս՝ ազգն ազատագրելու ավանդական չարիքից։ Բանաստեղծուհին նոր գրքերի սպասումների ակնկալիքով՝ գրչեղբորը մաղթեց բեղմնավոր աշխատանք։ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ շնորհավորանքներով սկսեց իր ելույթը Երևանի պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտա-ուսումնական կենտրոնի հիմնադիր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրականագետ, գրաքննադատ Սուրեն Դանիելյանը, ով` ընդգծելով հեղինակի բացառիկ նվիրումը հայերեն լեզվին, հավաստիացրեց, որ նա հայերենը համարում է իր նախանձախնդրությունը , ճակատագիրը․․․ Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սամվել Մուրադյանը շնորհակալություն հայտնեց իր, Սուրեն Դանիելյանի, Ռուբեն Սաքապետոյանի և այն հեղինակների անունից, որոնց գրքերի հրատարակման մեկենասությունն իրականացրել են տեր և տիկին Նալբանդյանները: Հովսեփ Նալբանդյանի գրական գործունեության վերաբերյալ գնահատանքի խոսքեր հայտնեցին գրող-հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ Թորոս Թորանյանը, բանաստեղծուհի Անահիտ Դանիելյանը, բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ, «Մշակույթի հայկական ֆոնդի» նախագահ Արևշատ Ավագյանը,ընթերցող Հրաչյա Հարությունյանը, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի, հայ գրողների միության վարչության անդամ, բանաստեղծ,Աշոտ (Ջահակիր) Ղամբարյանը։
«Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը վստահություն հայտնեց, որ ինչպես «Լույս»-ը դարձավ հատորներով հանրագիտարան, այնպես էլ «Սիրո մատյան»-ը պետք է հատորներ դառնա, որովհետև հայ սիրերգությունն անսպառ է․․․ Դերասանուհի Գայանե Սամվելյանի ընթերցմամբ ներկաներն ունկնդրեցին պատառիկներ հայ քնարերգության գանձարանից: Երեկույթը հագեցած էր երաժշտական կատարումներով համաշխարհային դասական երաժշտության գոհարներից. Կոմիտաս, Մոցարտ, Շուբերտ, Վերդի, Շոպեն, Արմեն Տիգրանյան.... կատարեցին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաներ Հրաչյա Ասատրյանը, Անդրանիկ Գևորգյանը, Մարգարիտ Գևորգյանը, Հրաչյա Ասատրյանը, Աննա Բեգլարյանը, Անուշ Մարտիրոսյանը և Արամ Խաչատրյանը ՝Իզաբելլա Շախսուվարյանի ու Իրինա Ջավադյանի նվագակցությամբ։ Գրող, երգիչ, երգահան Արսեն Համբարյանը հանդիսատեսին ողջունեց «Հայաստան -անունդ տալիս» երգով, իսկ թառահար Միքայել Ոսկանյանը՝ Սայաթ-Նովայի ստեղծագործության կատարմամբ։
-Գտնվելով Իսահակյան գրադարանում՝ ես գտնվում եմ իմ տանը,-ամփոփելով շնորհանդեսը, նշեց հեղինակը։ Նա շնորհակալություն հայտնեց բոլոր այն գրողներին, ովքեր հոդվածներով անդրադարձել են իր գրականությանը, գրքերի հրատարակմանը,ինչպես նաև աջակից գրադարանների տնօրեններին, ՀՀ մշակույթի նախարարին և այլոց․
Հանդիսության ավարտին հեղինակն իր ստորագրությունը թողեց գրադարանի բարեկամների սյունաշարում:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են