ՀՀ Անկախության 25-ամյակ


    Անկախությունն ամենամեծ ձեռքբերումն է յուրաքանչյուր ժողովրդի համար: Նրա համար պայքարում ու նահատակվում են… Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տոնական միջոցառումները՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին, շարունակվում են…
Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ <<Հայաստան-արևի և լույսի երկիր>> խորագրով, որին ներկա էին արցախյան ազատամարտի մասնակիցներ, ընթերցողներ, Խաչատուր Աբովյանի անվան №2 հիմնական դպրոցի սաները, Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանի մանրանկարչության բաժնի ուսանողները՝ Վարվառա Գալստյանի ղեկավարությամբ: Անկախության տոնի առթիվ ներկաներին շնորհավորեց և ողջունեց Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը:
<<Մեր դարերի երազանքը, ձգտումները, մեր կորուստների ողբը, ամեն ինչ ամփոփված է այս մեկ բառի մեջ՝ անկախություն: Մեր պապերը դարեր շարունակ երազելով անկախության մասին՝ տարբեր եղանակներով պայքարել են, կռվել, բայց չեն հասել… Դա շարունակվեց այնքան ժամանակ, մինչ հույսներս դրեցինք մեզ վրա, վճռական եղանք և հասանք մեր նպատակին: Մեր դարավոր երազանքը դարձավ իրականություն… Մենք նվաճել ենք անկախ լինելու իրավունքը, բայց անկախությունը պետք է պահպանել…>>,- իր խոսքում նշեց արձակագիր, ազատամարտիկ, գրող-հրապարակախոս Հովիկ Վարդումյանը:
Երգահան, երգերի հեղինակ, «Հայկազունք» երաժշտական համույթի գեղարվեստական ղեկավար, արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ գուսան Գագիկ Հայկազունը նշեց. <<Այնպիսի ոգի էր կուտակվել մեր մեջ, որ անտեսեցինք ամեն ինչ, ամբողջ ազգով ոտքի ելանք և հաղթեցինք … Ես պատերազմին մասնակցեցի ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև իմ երգերով: Այդ տարիներին ծնվեց <<Գետաշեն>> հայրենասիրական երգը…>>: Գուսան Հայկազունի երգերը՝ հանդիսատեսի ձայնակցությամբ, կատարեց Ելենա Երևանը: Հաջորդիվ, տոնի առթիվ շնորհավորեցին և հիշողություններով կիսվեցին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի վետերան, <<Վան>> գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը, արձակագիր, գրող, հրապարակախոս, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանը, պետական և քաղաքական գործիչ, արձակագիր, հրապարակախոս,արցախյան ազատամարտի մասնակից ,գնդապետ Էդուարդ Խաչիկյանը: Վերջինիս խոսքով արցախյան պատերազմում ոչ թե զենքը, այլ հայոց ոգին հաղթեց: Հանդիսության տոնական ոգին ավելի բարձրացավ, երբ ներկաներն ունկնդրեցին հայրենասիրական բանաստեղծություններ՝ դերասանուհի Գայանե Սամվելյանի ընթերցմամբ:
Երաժշտական կատարումներով հանդես եկան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սան Հովհաննես Կարապետյանը, Խաչատուր Աբովյանի անվան №2 հիմնական դպրոցի սան Արտյոմ Ասմանգուլյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են