Ռուզան Ասատրյանի «Օրերի դեմքը» գրքի շնորհանդես


    ...Բարի լույս ու թող օրը բարի լինի բոլորիդ նկատմամբ, թող անավարտ Ձեր գործերը դրական ու համարձակ ընթացքով բախեն օրվա դուռը, տիեզերական լույսը աստծո կամոք՝ արդարության ինքնահմա շողեր թող արձակի աշխարհի մոլորյալների վրա ու վերագտնի մարդն ինքն իրեն իր հոգու ազնիվ ու անաղարտ շողարձակումներով: Ամենազոր Տեր, փրկիր Ազգս Հայոց՝ խարդավանքներից, արնախում ու նենգ թշնամուց, քո անպարտելի զորությունն ու պաշտպանվածությունը դիր հայոց սահմաններին,փրկիր մեզ որկրամոլ ու ազգատյաց պաշտոնյաներից զանազան հանցագործ գոյակցություններից , մաքրիր մեր սուրբ հողը չարից, զի ամեն առավոտ խնկարկելով լուսաբացներդ, մենք զորացնում ենք մեզ քո արդարության հրաշքով… Մեզ մեր հույսին մի թող, ՏԵՐ…
(13.հոկտեմբեր, 2015թ.)
Ռուզան Ասատրյան
Այս աղոթքն առ Աստված ու շատ այլ գրառումներ տեղ են գտել բանաստեղծուհի, հրապարակախոս, հասարակական գործիչ Ռուզան Ասատրյանի «Օրերի դեմքը» գրքում, որը Հայաստանի պատմության չորս տարվա օրագիր է: Հեղինակն արձանագրել է այս օրագրությունը համակարգչային էլեկտրոնային <>/դիմատետր/ իր էջում , որպես երկրի օրերի դեմք ու իրական եղելություն: «Օրերի դեմքը»-ի շնորհանդեսը նշվեց սեպտեմբերի 13-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում: Ներկա էին լրագրողներ, բազմաթիվ ընթերցողներ և հյուրեր:
«Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը՝ ողջունելով ներկաներին, նշեց. «Ռուզան Ասատրյանն իր ամենօրյա գրառումներով օրվա զարկերակի վրա է պահում հայի պատասխանատվության և անհանգստության ձեռքը»: ՀՀ պետական գործիչ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանն՝ հեղինակին անվանակոչելով Արծվամայր, ասաց. «Ազգային պետականություն կառուցելու գործում Դուք անգնահատելի ներդրում ունեք… Ես կցանկանայի, որ յուրաքանչյուրս ապրեինք ոչ թե հեքիաթային խաղաղությամբ, այլ ապրեինք մեծ և հզոր քրիստոնյա Հայաստան կառուցելու գաղափարով և ներդրում ունենաինք այդ գործում…»: Հեղինակին ողջունեցին և օրագրությունների վերաբերյալ կարծիքներ հայտնեցին գրականագետ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների թեկնածու Անի Փաշայանը, բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ, «Մշակույթի հայկական ֆոնդ»-ի նախագահ Արևշատ Ավագյանը, գրքի հովանավորը՝ նյույորքաբնակ Փառանձեմ Հակոբյանը, «Վահագն» ռազմա-հայրենասիրական, բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Կարո Կարապետյանը, ով տիկին Ասատրյանին հանձնեց ռազմի աստված «Վահագնի» զորանշանը: <<Казачий крест-первой степени>> նշանով բանաստեղծուհին պարգևատրվեց «Եդինստվո» միջազգային իրավապաշտպան շարժման և Ռուսաստանի դաշնության և արտերկրների կազակական միության կողմից: Միության հայկական համայնքների գործերով ներկայացուցչի տեղակալ Աշոտ Համբարձումյանը, Հայաստանի ատաման Արայիկ Աբրահամյանն ու աշխատակազմի ղեկավար Սուսաննա Սուքիասյանը շնորհավորեցին և փոխանցեցին պարգևը: Երաժշտական անզուգական կատարմամբ հանդիսատեսին ողջունեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Արտակ Ստեփանյանը՝ Լևոն Հարությունյանի նվագակցությամբ: Կատարումներով հանդես եկան նաև երգչուհի Անահիտ Սահակյանը, Սոնա Գևորգյանը և երգիչ, երգահան Արսեն Համբարյանը:
Ցերեկոյի ընթացքում ներկաներն ունկնդրեցին «Օրերի դեմքը»-ում տեղ գտած գրառումներից՝ դերասանուհի Գայանե Սամվելյանի ընթերցմամբ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են