Վիլյամ Սարոյան-108


    …Ես չեմ կարող իմ ինքնության մասին մտածել հայությունից դուրս… …Ես Կալիֆորնիայի հայ եմ, Փարիզի հայ եմ, Լոնդոնի հայ եմ, Երևանի հայ եմ, ամեն տեղ հայ եմ և ամեն տեղ նույն մարդն եմ... Վիլյամ Սարոյան Օգոստոսի 31-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում սարոյանական ոգով լի օր էր.... Ողջ օրվա ընթացքում գրադարանի տեսասրահում ցուցադրվեցին 20-րդ դարի ամերիկյան գրականության ականավոր ներկայացուցիչներից մեկին՝ Վիլյամ Սարոյանին, նվիրված տեսանյութեր. Արփեն Մովսեսյանի «Հայից Հայ - Վիլյամ Սարոյան», ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից տրամադրված տեսաֆիլմ և այլն: Կազմակերպվել էր գրքային հարուստ ցուցահանդես… Իսահակյան գրադարանի Ամերիկյան անկյուն բաժնում, Երևանի ժամանակով ժամը 17:00-ին, մեկնարկեց «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի «Սարոյան Հաուս» նախագծի շրջանակներում անցկացվող «Սարոյան 108» միջոցառումների շարքում կազմակերպած՝ «Կարդանք Սարոյան» խորագիրը կրող առցանց ընթերցանության ֆլեշ-մոբը: Ընթերցանության ֆլեշ-մոբի նպատակն էր հնարավորություն տալ աշխարհի տարբեր ծայրերից միաժամանակ ընթերցել Սարոյանի ստեղծագործությունները: Ծրագրի իրականացման հարցում հիմնադրամը համագործակցում էր Հայաստանի ամերիկյան անկյունների հետ: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի տնօրեն, «Միասին» երիտասարդական շարժման հիմնադիր և ղեկավար Հակոբ Հակոբյանը: Սարոյանական ընթերցանության մարաթոնին մասնակցեցին դերասանուհի Հրաչուհի ՈՒթմազյանը, Հայաստանի գրողների միության միջազգային կապերի բաժնի ղեկավար Հերմինե Նավասարդյանը, հաղորդավար Ավետ Բարսեղյանը, «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Նորա Յակոբյանը, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Գոհար Գալստյանը, սիրիահայ բանաստեղծ Հարութ Վարդանյանը, փարիզաբնակ հայ գործարար Արմեն Վերդյանը և այլոք: Ընթերցանության ընթացքում կարճ միացումների ձևաչափով միացան նաև մասնակից քաղաքները՝ Գյումրին, Վանաձորը, Չարենցավանը, Կապանը, Ստեփանակերտը, Բեյրութը, Մոնրեալը, Լոս Անջելեսը: Մարաթոնի ավարտին բոլոր մասնակիցներին հանձնվեցին նվերներ՝ Վիլյամ Սարոյանի դիմանկարով շապիկներ, բաժակներ, նոթատետրեր…

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են