Սարգիս Շիրինյանի՝ «Չալթր-Դոնի հայերի մայրաքաղաք»գրքի շնորհանդեսը


    Օգոստոսի 12-ին Ավ. Իսահայկանի անվան Կենտրոնական գրադարանում՝ «Մշակույթի հայկական ֆոնդ»-ի հետ համատեղ, տեղի ունեցավ ռուսաստանաբնակ բժիշկ Սարգիս Շիրինյանի՝ «Չալթր-Դոնի հայերի մայրաքաղաք» գրքի շնորհանդեսը: Ներկա էին «Մշակույթի հայկական ֆոնդ»-ի անդամները, ընթերցողներ և հյուրեր: Սարգիս Շիրինյանը պատմական Անի քաղաքից տեղահանված տոհմերից մեկի հետնորդերից է, այն հետաքրքիր մարդկանցից մեկը, որ գրառում ու սերունդներին է պահ տալիս ազգային ինքնության համար թանկ հիշողություններ: Չալթրի բարբառով, համով ու հոտով համեմված նրա պատմվածքները, անշուշտ, ունեն ազգագրական ու մշակութաբանական արժեք: Գիրքը պարունակում է նաև կենսագրական տվյալներ: Հեղինակը գիրքը նվիրել է հայրենակիցներին, հարազատներին ու ընկերներին: «Գրքում տեղ գտած պատմվածքները վկայում են, որ տեղահանվելով, հարաբերվելով ու շփվելով տարբեր ազգերի հետ՝ հայերը պահպանել են իրենց լեզուն, բարբառը՝ փորձել են պահել այն ինչ հայեցի է, այն ինչ կապված է լեզվի, գրականության, հիշողության հետ… Այս ամենը փորձել է գրքում ամրագրել հեղինակը»,- ներկայացնելով գիրքը՝ նշեց ցերեկոյի հանդիսավարը՝ բանաստեղծ, գեղանկարիչ, թարգմանիչ, «Մշակույթի հայկական ֆոնդ»-ի նախագահ Արևշատ Ավագյանը: Երաժշտական կատարմամբ ներկաներին ողջունեց երգիչ, երգահան Արսեն Համբարյանը, իսկ դաշնամուրային կատարմամբ՝ Աննա Մանուկյանը՝ ներկայացնելով երգահան Արտուշ Փարսադանյանի «Հուշեր» ստեղծագործությունը: Հեղինակի հետ կայացած հանդիպումների, նրա մասին դրվատանքի խոսքեր ասացին գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ Թորոս Թորանյանը, բժիշկ Մադլենա Գևորգյանը, բանաստեղծ Սուսաննա Հովհաննիսյանը, նարեկագետ Աշոտ Պետրոսյանը և այլոք: Շնորհանդեսի ավարտին հեղինակը գրքեր նվիրեց և′ հյուրերին, և′ գրադարանին:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են