Դասախոսություն՝ Արսեն Համբարյան


    Հուլիսի 26-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում՝ «Տիր-Ար» զբոսավարների դասընթացների հետ համատեղ, տեղի ունեցավ գրող, երգիչ, երգահան Արսեն Համբարյանի դասախոսությունը` «Հայոց այբուբենը և երգերը՝ որպես աղբյուր հնագույն քաղաքակրթությունների բացահայտման» թեմայով: Ներկա էին բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտ Խաչատրյանը, պատմաբան, հրապարակախոս Գևորգ Յազըճյանը, բազմաթիվ ընթերցողներ և ուսանողներ: «Տիր-Ար» ընկերության տնօրեն Վահե Անթանեսյանը՝ ողջունելով ներկաներին փաստեց. «Այսպիսի դասախոսությունների հաղորդած գիտելիքներով մեր զբոսավարները Հայաստան այցելած զբոսաշրջիկներին ուղղակի փոխանցում են այն մշակույթը, հարուստ ավանդույթներն ու արժեքները, որոնք արարել և ստեղծել են մեր նախնիները»: Հին հայկական դիցաբանության մեջ դպրության, պերճախոսության, գիտությունների ու արվեստների Տիր Աստծուն նվիրված հեղինակային երգի կատարմամբ` ներկաներին ողջունեց Արսեն Համբարյանը: «Զգայարանք առաջնոցն սուր էին քան զայժմուցս` զոր վկայեն բազումք, վասն որոյ ոչ միայն զարեգական գնացս կարացին նկատել այլ և զբոլոր լուսավորացս կարացին դրոշմել և ճանաչել» (Նախնիների զգայարաններն առավել սուր էին, քան ժամանակակիցներինը, ինչը շատերն են վկայում, ուստի ոչ միայն արեգակի շարժումը կարողացան նկատել, այլև բոլոր մյուս լուսատուները կարողացան դրոշմել և ճանաչել)»:-Անանիա Շիրակացու այս խոսքերով շարունակեց բանախոսը:-«Սույնով Անանիա Շիրակացին հաստատում է նախ այն, որ նախնիները կարող էին չափել արեգակի շարժումը` տարին և ունենալ օրացույց, ինչպես նաև, դրան զուգահեռ, նրանք դրոշմել են աստղերն ու ճանաչել: Ի՞նչ կարելի է հասկանալ: Չէ՞ որ աստղերը հատ-հատ, առանձին դրոշմելը թույլ չի տա ճանաչել: Նշանակում է, որ այն արվել է կա՜մ խմբերով, կա՜մ ամբողջական քարտեզի տեսքով: Նաև ճանաչել նշանակում է անուն տալ նրանց, այսինքն` հնչեցնել: Ի դեպ ժայռապատկերներն ու քարի աստղադիտարաններն ապացուցում են, որ նման աստղային դիտարկումներ և գրանցումներ Հայաստանում կատարվել են մ.թ.ա. ամենաքիչը 8-րդ հազարամյակից: Կենդանակերպի նշաններն էլ ամենավաղ ներկայության վկայություն ունեն մեր ժայռապատկերներում, այսինքն` համաստեղության նմանեցումը, ճանաչումը և անվանակոչումը նույնպես հնագույն երևույթ է հայերիս համար»: Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացրեց ազգային, հայրենասիրական, նաև հեղինակային երգեր, խոսեց երգերի պատմության և ասելիքի մասին, ընթերցեց իր հեղինակած առակներից մի քանիսը՝ «Առակներ» գրքից, որոնք բուռն ոգևորությամբ ընդունվեցին ներկաների կողմից: - Հայոց այբուբենը մի բանալի է, որով բացված փականը նույնպես բանալի է…

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են