Հուշ-ցերեկույթ՝ նվիրված փիլիսոփա և բանաստեղծ Նարեկ Հովսեփյանին


    Ավա՜ղ, իմ սկիզբս իմ վախճանս եղավ…
Պետրոս Դուրյան
Յուրաքանչյուր երկնային ճամփորդ ամեն օր ավելի է հեռանում մեզանից՝ մշտապես մնալով որպես բարի խորհուրդ և հիշողություն։ Ուրեմն՝ մտապահենք, որ լուցկու հատիկների պես մենք էլ, մի ակնթարթ բոցավառվելով, անցնելու ենք հավերժական տիեզերքի հիշողության ծալքերով՝ որպես երկրային ճամփորդներ՝ դառնալով նրա անբաժանելի մասնիկը։
Նարեկ Հովսեփյան
Հունիսի 9-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրընկալ դահլիճում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված վաղամեռիկ փիլիսոփա և բանաստեղծ Նարեկ Հովսեփյանին և ներկայացվեց նրա «Նոյան Աղավնու վերադարձը» գիրքը: Ներկաները մեկ րոպե լռությամբ գլուխ խոնարհեցին՝հարգելով Նարեկ Հովսեփյանի հիշատակը։ Գիրքը կազմել, խմբագրել և առաջաբանը գրել է ցերեկոյի բանախոս բանասեր,լրագրող Հասմիկ Գուլակյանը։ Նա իր խոսքում նշեց.«Նարեկի մտահորիզոնն ինձ շփոթի է մատնել՝ բառիս բուն իմաստով։ Նա համոզված է եղել, որ ինքը կարճ է ապրելու: Երբ ծանոթանում ես նրա գրվածքներին, դու բազում տեղերում ես դա տեսնում․ չափազանց շատ է խոսում կյանքի և մահվան մասին, ընդ որում մահվան մասին խոսում է որպես մի իրական իրականության։Նրա գերզգայուն բարոմետրն արձանագրել է ամեն ինչ, անգամ հոգևոր ոլորտի ելևէջումներ ու վայրիվերումներ, հույզեր ու թրթիռներ, որոնք գիտակցելու համար մահկանացուներս տասնամյակների ճանապարհ ենք անցնում՝ հաճախ այդպես էլ հասու չլինելով դրանց գոյությանը կամ էությանը։ Նարեկ Հովսեփյանը պատանեկությանը դեռ վերջնականապես հրաժեշտ չտված մտածող է ։Նա ազգային հարստություն է, որին հարկավոր է արժանվույնս ներկայացնել ոչ միայն հայ ընթերցողին…»։ Հաջորդիվ հեղինակի և նրա խոհափիլիսոփայական մաքսիմների մասին կարծիք հայտնեց «Հայաստան» հրատարակչության տնօրեն, գրականագետ ,բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյանը, հասարակական գործիչ, հրապարակախոս, բանաստեղծ Ռուզան Ասատրյանը․«Նարեկի մաքսիմներին ծանոթանալուց հետո հասկացա, որ նրա փիլիսոփայական խոհերը ամբողջովին կոդավորված են, դա այսօր դեռ բացահայտված չի, կգա ժամանակ, որ նա կբացահայտվի։ Նրա բացահայտումը գալիս է դեպի ժողովուրդը»։ Ներկաների համար Նարեկը ավելի բացահայտվեց, երբ խոսեց վերջինիս հայրը՝ բանասեր-գրադարանավար Սաշա Հովսեփյանը։ Նա պատմեց Նարեկի ծնունդից մինչև մահ կատարված արտառոց, խորհրդանշական մի քանի պատմություններ, որը խոսում էր նրա «անսովոր ծնունդ» լինելու մասին․Նարեկը կարողանում էր թափանցել, սեր առաքել, խաղաղություն ստեղծել։ Նա վերջում իր երախտիքի խոսքն ուղղեց Հասմիկ Գուլակյանին, Վահագն Սարգսյանին, ովքեր անիմացության մեջ չթողեցին «Նարեկ» տեսակին և որոնց շնորհիվ էլ այսօր Նարեկը մեզ հետ է ու կապրի հավետ։ Իր ելույթով Նարեկի «անսովոր» լինելու մասին խոսեց նաև լրագրող Ռուբեն Սիմոնյանը․«Նա շատ հարցասեր էր, շատ կարճ ժամանակում կարողացել է ներկայացնել մի մեծ կյանք » ։Վերջինս իր շնորհակալությունը հայտնեց Նարեկին բացահայտողներին, ինչպես նաև Ավ․ Իսահակյանի կենտրոնական գրադարանին ՝ նման հնարավորություն ընձեռնելու համար։ Հուշ-ցերեկոյի ընթացքում դերասանուհի Գայանե Սամվելյանը ընթերցեց Նարեկի խոհափիլիսոփայական մտքերից, հատվածներ «Նոյան աղավնու վերադարձը» գրքից։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են