Եղիազար Մուրատեանի «Երկեր»-ի եռահատոր ժողովածուի շնորհանդես


    Հունիսի 8-ին Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ ուսուցչապետ ,բանաստեղծ, գրականագետ, պատմաբան, լեզվաբան, թարգմանիչ, հրապարակագիր Եղիազար Մուրատեանի «Երկեր»-ի եռահատոր ժողովածուի շնորհանդեսը: Ժողովածուն կազմել, խմբագրել, ծանոթագրել, ինչպես նաև առաջաբանն է հեղինակել շնորհանդեսի բանախոս, բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արթուր Անդրանիկյանը: Հատորներում ներառված են Եղիազար Մուրատեանի բանաստեղծությունները, հրապարակագրությունները, հռետորությունները, ճարտասանությունները, ճարտասանական արվեստին նվիրված հոդվածներ, իսկ երրորդ հատորն ամբողջությամբ ընդգրկում է Մուրատեանի՝ Արշակ Երկրորդի և Պապ թագավորների քննադատականը՝ «Քննական պատմությիւն Արշակ Երկրորդի եւ անոր Պապ որդւոյն»: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, այնուհետևշնորհանդեսը վարելու համար հրավիրեց Արթուր Անդրանիկյանին: Վերջինս իր խոսքն ուղղեց տիկին Կարապետյանին՝ շնորհակալություն հայտնելով Եղիազար Մուրատեանի գրական ժառանգությունը ի մի բերելու հորդորով իրեն խրախուսելու համար: Խոսելով հեղինակի բազմաբնույթ գործունեության մասին Արթուր Անդրանիկյանը կարևորեց հատկապես այն փաստը, որ այդ գործունեությունը ծավալվում էր մի ժամանակաշրջանում, երբ կար հայապահպանության մեծ խնդիր: Նա հավելեց, որ նրա ստեղծագործությունները նույնքան արդիական են նաև հիմա: Շնորհանդեսին ներկա էին գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ Թորոս Թորանյանը, Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սամվել Մուրադյանը, պատմաբան Գևորգ Յազճյանը, ԱՍԱԼԱ-ի վետերան, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը, ովքեր իրենց ելույթներում ողջունեցին Արթուր Անդրանիկյանի նախաձեռնությունը: Ցերեկոյի ընթացքում հանդեսատեսը ունկնդրեց նաև Արթուր Անդրանիկյանի բանաստեղծությունները՝ ասմունքող Աիդա Ասատուրյանի ընթերցմամբ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են