Արամ Հայկազ Մոռացված էջեր»գրքի շնորհանդես


    Հուլիսի 4-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ում տեղի ունեցավ «Արամ Հայկազ Մոռացված էջեր» գրքի հերթական՝ Է հատորի շնորհանդեսը: Գրքում ներառված են Սփյուռքի հայ գրականության նշանավոր դեմքերից մեկի՝ Արամ Հայկազի 1976-1986 թվականների ընթացքում մամուլում տպագրված և որևէ ժողովածու չմտած պատմվածքներ, հոդվածներ, նրա երկերին նվիրված հոդվածներ, արխիվային նյութեր: Բացման խոսքով հանդես եկավ գրքի կազմող և ծանոթագրող, բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտա Խաչատրյանը: Վերջինիս ոգևորվածությունը կրկնակի էր. բացի նրանից, որ «ծնվել» էր գրքի 7-րդ հատորը, այն պետք է միջոց հանդիսանար «Հույսի օջախ» մտավոր թերզարգացում ունեցող երեխաների մայրերի միություն հասարակական կազմակերպությանն աջակցելու համար: Այդ իսկ պատճառով գիրքը նախապես օրհնվել էր Տեր Շահե քահանա Հայրապետյանի կողմից: Շնորհանդեսի հյուրերի շարքում էր գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ Թորոս Թորանյանը: Նա նշեց, որ պատիվ է ունեցել անձամբ ծանոթ լինել Արամ Հայկազի հետ և ներկայացրեց մի քանի հիշարժան դեպքեր՝ իր և հեղինակի հանդիպումներից: Իր ելույթով գրքի ծնունդը շնորհավորեց պատմաբան Գևորգ Յազճյանը: Նոր հատորում տեղ գտած պատմվածքներից երկուսը ընթերցեց մասնագիտությամբ բժիշկ, արևմտահայ և սփյուռքահայ գրականության գիտակ Կամո Տեր-Պետրոսյանը: Միջոցառման ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկավ երգիչ, երգահան Արսեն Համբարյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են