Հունիսմեկյան առավոտը Իսահակյան գրադարանում


    Հունիսմեկյան առավոտը Իսահակյան գրադարանում բացվեց մանկական երգերով, մուլտֆիլմերով ու կավճանկարչությամբ: Գրադարանի ցուցասրահներում երեխաների համար կազմակերպվել էին գրքային ցուցահանդեսներ՝ «Հեքիաթների մոլորակ», «Գիտելիքների զարմանահրաշ աշխարհում», «Ես և բնությունը» խորագրերով:
«Նունյոս» հայ-շվեդական բարեգործական հիմնադրամի հետ համատեղ, գրադարանի փոքրիկ այցելուների և հիմնադրամի հովանավորության տակ գտնվող անապահով ընտանիքների երեխաների համար կազմակերպվել էր մշակութային ծրագիր. կավճանկարչության մրցույթ, շրջայց գրադարանում, հեքիաթի ունկնդրում, մուլտֆիլմերի դիտում, հայկական ժողովրդական խաղերի ուսուցում և կազմակերպում, գրադարանի ծրագրերի ներկայացում: Գրադարանի հարակից հարթակում, նախքան մրցույթը սկսելը, «Նունյոս« հայ-շվեդական բարեգործական հիմնադրամի տնօրեն Նուշիկ Մելքոնյանը ողջունեց և շնորհավորեց երեխաներին, իսկ գրադարանի «Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների» բաժնի վարիչ Մարինե Ղազարյանը ընթերցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Այնուհետև երեխաները, ստանալով համարակալված «Արև» կրծքանշանը, կանգնեցին հարթակի վրա գծված համարակալված սյունյակներում, և նկարեցին բնությունն իրենց պատկերացմամբ: Գրեթե բոլոր փոքրիկները պատկերել էին արև, անամպ երկինք, ծաղկած ծառեր ու անհոգ մանկություն: Սա էլ երեխաների ուղերձն է՝ ուղղված մեծահասակներին… Մրցույթի ավարտին բոլոր նկարները գնահատվեցին նկարիչ, քանդակագործ Ալբերտ Պապիկյանի կողմից: Լավագույններն արժանացան «Բնությունն իմ աչքերով» կավճանկարչության մրցույթի համար նախատեսված «Լավագույն գունային ընտրություն», «Կոմպոզիցիայի ճիշտ կառուցում», «Լավագույն գծանկար», «Լավագույն նկար» գլխավոր անվանակարգի պատվոգրերի և պարգևատրվեցին գրքերով: Այնուհետև փոքրիկները դիտեցին «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմը:
Միևնույն ժամանակ գրադարանի «Մանկական գրականության» բաժնում ուրախ իրարանցում էր: Բաժինը հյուրընկալել էր Երևանի թիվ 88 մանկապարտեզի միջին խմբի սաներին՝ դաստիարակ Կարմեն Ղալեչյանի և ծնողների ուղեկցությամբ: «Մանկական գրականության» բաժնի վարիչ Արմինե Պետրոսյանը կազմակերպել էր «Վիշապագորգ» մուլտֆիլմի դիտումը, որից հետո երեխաները ծանոթացան և խաղացին հայկական ժողովրդական խաղերից «Կաղ արագիլ»-ը և «Մուկն ու կատուն»: Այնուհետև փոքրիկները գրադարանի աշխատակիցներին մատուցեցին իրենց պատրաստած անակնկալը. դաշնակահարի նվագակցությամբ երգեցին «Բարի լույս», «Ուրախ գնացք» երգերը, արտասանեցին և հանձնեցին հուշանվերներ: Երեխաների համար կազմակերպված անակնկալներով օրը դեռ չէր ավարտվել: «Ամերիկյան կենտրոն» բաժնի վարիչ Լիլիթ Խլոպուզյանը երեխաներին ծանոթացրեց եռաչափ տպիչի և եռաչափ գրիչի աշխատանքներին: Փոքրիկներն ականատես եղան, թե ինչպես է որևէ առարկա պատրաստելու համար հանձնարարություն տրվում եռաչափ տպիչին. այն անակնկալ նորարություն էր և նրանք մեծ ոգևորությամբ հետևում էին տպիչի աշխատանքին, որից հետո սկսեցին նկարել եռաչափ գրիչի օգնությամբ: Փոքիկները աշխատանքի արդյունքում ստացված առարկաները նվեր ստանալով՝ մեծ ոգևորությամբ հեռացան գրադարանից՝ վերադառանալու ակնկալիքով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են