Ռիմա Սիմոնյան՝ դասախոսություն


    Հայ ժողովրդի պատմության ողջ ընթացքում մայիսը նշանավորվել է իր հաղթանակներով: Այն համարվում է հաղթանակների ամիս. Ավարայրի, Սարդարապատի հերոսական ճակատամարտերը, հայության համար Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման , Արցախի բանակի ստեղծման և Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման օրերը: Դրանցով հայ ժողովուրդը նվաճել է ապրելու և հարատևելու իր իրավունքը: Իսկ ապրիլյան քառօրյա պատերազմը ևս մեկ անգամ աշխարհին ապացուցեց, որ հայի հերոսական տեսակը հավերժական է: Հայի հավերժ հերոսական կերպարներից է Դրաստամատ Մարտիրոսի Կանայանը (Դրո), ում ակտիվ գործունեության մասին մայիսի 30-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում ներկայացրեց մանկավարժ, մեթոդիստ, ուսուցիչ, «ՀՀ ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշանի դափնեկիր Ռիմա Սիմոնյանը ՝«Իր ժամանակի և մեր օրերի Սասունցի Դավիթ Դրաստամատ Կանայանը» թեմայով դասախոսությամբ:
Ներկաները գնահատանքի ու երախտագիտության զգացումով մեկ րոպե լռությամբ գլուխ խոնարհեցին այն քաջորդիների հիշատակի առջև, ովքեր ապրիլյան քառօրյա պատերազմում զոհաբերեցին իրենց կյանքը:
Ռիմա Սիմոնյանը Դրոյին բնութագրեց որպես զարմանալի առեղծվածային երևույթ, չափազանց անհանգիստ ու ազատատենչ անձնավորություն…«Նա ծնվել է Արարատյան դաշտի Սուրմալու գավառի Իգդիր ավանում՝ 1884թ.-ի մայիսի 31-ին: Նա եղել է Հայաստանի առաջին Հանրապետության զորավար, ֆիդայի, վրիժառու, Ազատագրական շարժման գործիչ, առաջին Հանրապետության ռազմական նախարար, առաջին Հանրապետության հիմնադիրներից: Դրոյի նշանաբանն էր. «Մենք ունենք մեկ լեզու, մեկ կրոն, մեկ հայրենիք»:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են