Շրջայց գրադարանում


    Մայիսի 18-ին Իսահակյան գրադարանի հյուրերն էին Դանիել Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոցի առաջին դասարանի աշակերտները` դասղեկ Մարիամ Խաչատրյանի և ծնողների ուղեկցությամբ: Փոքրիկ ընթերցողները ծանոթացան գրադարանի բաժինների հետ: Ամերիկյան կենտրոն բաժնում ծանոթացան եռաչափ տպիչի, եռաչափ գրիչի հետ, մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրեցին այն նյութերը, որոնցով աշխատում են վերոհիշյալ սարքերը: Հյուրընկալվեցին գրադարանի Բրիտանական, Ֆրանկոֆոնիայի կենտրոն բաժիններում, ընթերցասրահում, սպասարկման բաժնի գրապահոցում, զարմանքով դիտեցին և ծանոթացան գրքերի գանձարանի /ֆոնդի/ հետ: Մեծ ոգևորությամբ շրջեցին «Իսահակյան» պարտեզ ընթերցարանում, դիտեցին թե ինչպես են գրադարանի ընթերցողները ընթերցում պարտեզում և աշխատում իրենց նոթբուքերով: Այնուհետև շտապեցին մանկական գրականության բաժին, ուր ծանոթացան մանկական գրականության ֆոնդին, գրանցվեցին և համալրեցին Իսահակյան գրադարանի փոքրիկ ընթերցողների շարքերը և անմիջապես շտապեցին գրքեր ընտրել: Այս բաժնում նրանց սպասում էին բազմաթիվ անակնկալներ: Մանկական գրականության բաժնի վարիչ Արմինե Պետրոսյանը նրանց ծանոթացրեց մուլտիպլիկատոր, ռեժիսոր Գայանե Մարտիրոսյանի հեղինակած «Վիշապագորգ» մուլտֆիլմի հետ, որից հետո երեխաները դիտեցի այն: Այնուհետև գրադարանի հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Մարինե Ղազարյանը նրանց ծանոթացրեց գրադարանում իրականացվող «Վերականգնենք հայկական ժողովրդական խաղերը» ծրագրի հետ, սովորեցրեց և խաղաց «Համրախաղ» և «Հանելուկախաղ»: Երեխաները փորձեցին գուշակել մանկագիր, բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանի հանելուկները: Նրանց ոգևորությունն էլ ավելի կրկնապատկվեց, երբ իմացան, որ ողջ ընթացքում իրենց կողքին է եղել հենց հեղինակը և ուշի ուշով հետևել խաղին: Խաղը վերջացնելուց հետո երեխաներին հանձնարարություն տրվեց. ծնողներից, տատիկներից և պապիկներից հարցնել և գրառել իրենց մանկության խաղերը և նամակի միջոցով ուղարկել գրադարան: Անմոռանալի օր անցկացնելուց հետո, փոքրիկներն այնքան սիրեցին գրադարանը, որ տուն գնալ չէին ցանկանում...:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են